Հ. Քլինթոն. Հունգարիայում որոշակի հետընթաց է նկատվում
Կենտրոնասիական երկրներում խոսքի ազատության նկատմամբ սահմանափակումներ են մտցվել: Որոշ երկրներում, խոսքի ազատությունն ակնհայտ հետընթաց է գրանցել: Այս մասին, Panorama.am-ի թղթակցի փոխանցամբ, Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը
Նրա խոսքերով, կովկասյան երկրներում ոչ միշտ է, որ ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության սկզբունքներին: Իսկ դատական իշխանության նկախության հետ կապված մի շարք խնդիրներ կան:
Հ. Քլինթոնը նաև անդրադարձել է Հունգարիային և նշել, որ ժողովրդավարության առումով այդ երկրում որոշակի հետընթաց է նկատվում:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո առաջիններից մեկը ԱՄՆ-ն էր, ով արձագանքեց այդ փաստին:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրջորեն մտահոգված է Հունգարիայից վերադարձված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի որոշմամբ: Սաֆարովը խոստովանել է, որ 2004թ-ին Բուդապեշտում սպանել է Հայկական Բանակի սպա Գուրգեն Մարգարյանին, և հենց այդ ահավոր հանցագործության համար էլ ցմահ բանտարկության էր դատապարտվել Հունգարիայում: Մենք կապ ենք հաստատել Ադրբեջանի մեր գործընկերների հետ՝ Սաֆարովի ներման առնչությամբ մեր հիասթափությունը հայտնելու համար: Այս որոշումը հակասում է տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու և հաշտեցումն առաջ մղելու ջանքերին: Միացյալ Նահանգները Հունգարիայից ևս բացատրություն է խնդրում Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու որոշման առնչությամբ»,- հայտարարել էր ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Թոմի Վիեթորը: