Մահացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը
Ըստ Panorama.am-ի ունեցած տեղեկությունների՝ մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Մեր տեղեկությունների համաձայն, դեսպանը ԱՄՆ-ում անհաջող վիրահատության զոհ է դարձել:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, նշելով, թե տիկին Ղազինյանը հանկարծամահ է եղել հիվանդանցում: Գործուղման մեջ գտնվող Բալայանը չկարողացավ այլ մանրամասներ հաղորդել:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Կարինե Ղազինյան հիշատակը:
Panorama.am-ի խմբագրակազմը ցավակցում է Կարինե Ղազինյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին ու հարազատներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Պաշտոնական կենսագրությունը`
Կ. Ղազինյանը ծնվել է 1955 թվականի, հունվարի 8-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը: Աշխատել է Մոզամբիկի, Պորտուգալիայի ԽՍՀՄ դեսպանությունում: Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս էր:
Որպես Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան աշխատել է Ռումինիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: 2009 թ. մարտից - 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Դիվանագիտական աստիճանը` Արտակարգ և լիազոր դեսպան:
Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:
Կառավարության նիստի ժամանակ. Մեկ րոպե լռությամբ: