Կարևորվեց Հայ Եկեղեցու սպասավորների ուսումնառությունը` Հունաստանի բարձրագույն աստվածաբանական հաստատություններում
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին` Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը բազմաճյուղ զարգանում և արդյունավորվում է` համահունչ երկու ժողովուրդների պատմական բազմադարյա հարաբերությունների ոգուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել դեսպանին` Հունաստանի իշխանությունների և դեսպանատան կողմից Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող աջակցության, ուշադրության և առանձնակի հարգանքի համար:
Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ կանի ամենը` զորացնելու երկու երկրների ջերմ փոխհարաբերությունները` խարսխված պատմական արմատների վրա: Դիվանագետն անդրադարձել է նաև երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ընդգծել Քրիստոնեական Եկեղեցու կարևոր դերակատարությունը ժողովուրդների կյանքում:
Հանդիպմանը խոսվել է նաև Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունների մասին, կարևորվել Հայ Եկեղեցու սպասավորների ուսումնառությունը Հունաստանի բարձրագույն աստվածաբանական հաստատություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա