Բանակցությունների հաջող ընթացքի պարագայում Ր.Հովհաննիսյանը չի՞ առաջադրի իր թեկնածությունը
«Դե յուրե սահմանադրական, իրավական, քաղաքացիական և ազգային պետություն ունենալու ճանապարհին Դաշնակցության այս նախաձեռնությունը` քաղաքացիական օրակարգ սահմանելու հրամայականի հրապարակումը, ես համարում եմ բեկումնային և խոստումնալից: Որպես մեկնարկային փաստաթուղթ, ընդհանուր հայտարար, ամբողջովին ընդունում եմ այս յոթ կետերը»,- այսօր, ՀՅԴ քաղաքական պլատֆորմի հանրային քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաև կարևորեց այն, որ ժամանակի ընթացքում այդ յոթ կետերը պետք է բացվեն:
«Ես հույս եմ հայտնում, որ դաշնակցության նախաձեռնությամբ և բոլորիս մասնակցությամբ այս ամենը կյանքի կկոչվեն»,- նշեց Ր. Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՅԴ քաղաքական պլատֆորմի դրույթներին:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասսաց. «Ես կասեի հետևյալը, որ բառացի ընդունեք այն, ինչ ասաց Ր. Հովհաննիսյանը, որ «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի համար այս 7 կետերն ընդունելի են և հետագայում արդեն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումներ կլինեն»:
Պատասխանելով հարցին, թե` հնարավոր համարո՞ւմ եք միասնական թեկնածուի գաղափարը և հնարավո՞ր է արդյոք, որ բանակցությունների հաջող ընթացքի պարագայում Ր.Հովհաննիսյանը չառաջադրի իր թեկնածությունը, Ա. Մարտիրոսյանը նշեց. «Մենք այս փուլում միասնական թեկնածուի հնարավորությունների մասին չենք խոսի, որովհետև թեկնածուների մասին չենք քննարկել: Ես ձեռնպահ կմնամ թեկնածուների շուրջ խոսակցություններից: Առջևում զարգացումներ կան և այդ զարգացումները շատ բան ցույց կտան»: