Նախարարություն. «Սասնա ծռեր»-ի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում կնպաստի հայկական մշակութային արժեքների հանդեպ հարգանքի դրսևորմանը
«Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» արժեքներից բացի հայ ժողովուրդն այսուհետև համաշխարհային հանրությանը կներկայանա նաև իր ավելի քան հազարմյա պատմություն ունեցող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսով: Դեկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն քննարկել է «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը և այն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, դեկտեմբերի 3-ին Փարիզում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի համալրման հարցը: Նախապես տարբեր երկրների կողմից ներկայացված 70 հայտերից 36-ը ստացել էին դրական փորձագիտական եզրակացություն և ընդգրկվել 7-րդ նստաշրջանի օրակարգում: Դրանց թվում էր «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը, որը համատեղ պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից` գիտակրթական և մշակութային կազմակերպությունների, կրող համայնքների հետ համագործակցությամբ:
Մշակույթի նախարարությանը նշում է, որ հայտի ընդգրկումը կնպաստի հայկական մշակութային արժեքների ճանաչմանն ու դրանց հանդեպ հարգանքի դրսևորմանը, որպես ազգային փոքրամասնություն` կխթանի սփյուռքահայ համայնքների արժանապատվության բարձրացումը, համայնքների միջև փոխադարձ հարգանքի ձևավորումը, միջմշակութային երկխոսությունը և կքարոզի հանդուրժողականություն:
Նախորդող նորություն` «Սասնա Ծռեր» էպոսն ընգրկվել է է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան