Դպրոցաշինությունը փոշիացրել է 670 մլն դրամ
16 օբյեկտներում` Երևանի և մարզերի 13 դպրոցներում և երեք մշակութային պալատներում իրականացվել են ստուգումներ հիմնանորոգումների ծախսերի հետ կապված: Ստուգումների արդյունքներով բացահայտվել են 670 մլն դրամի խախտումներ, թերություններ, ոչ նպատակային, անարդյունավետ ծախսեր և այլն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:
Պաշտոնյան նշեց, որ, օրինակ, մի դրվագով կապալառուն 68 մլն դրամի չափով 2010թ-ին գումար է ստացել, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել, մնացած 480 միլիոն դրամի չափով էլ կատարվել են ոչ նպատակային, մեծամասամբ անորակ աշխատանքներ, արձանագրվել են դեպքեր, երբ աշխատանքների ընթացքում նախահաշիվների գների անհիմն բարձրացումներ են եղել: Ընդ որում այդ 16 օբյեկտների հիմնանորոգումների համար պետական բյուջեից հատկացվել էր 2.4 միլիարդ դրամ.
«Ստուգումները ցույց տվեցին, որ տեղի է ունեցել պետական միջոցների փոշիացում, իսկ մեկ դեպքով անգամ հիմնանորոգված դպրոցի փլուզում: Այսինքն` աշխատանքները սկսվել են առանց շենքերի տեխնիկական վիճակի ու վնասվածության աստիճանի վերաբերյալ սեյսմիկ մարմնի եզրակացության, որի առկայության դեպքում պետք է նախևառաջ իրականացվեին ուժեղացման, շենքերի հիմքերի ամրացման աշխատանքներ և հետո նոր միայն հարդարման, պատուհանների-դռների փոխման և այլ աշխատանքներ»,- տեղեկացրեց Ս.Ղարիբյանը:
Ի դեպ, պաշտոնյան նշեց նաև, որ մի շարք դպրոցներում, այդ թվում Տեղ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքների արդյունքում փոշիացվել է 334 մլն դրամ:
Ֆիննախի ներկայացուցիչը նշեց, որ այն կապալառուները, որոնք իրենց անպարտաճանաչ են դրսևորել, հայտնվել են քաղաքաշինության նախարարության սև ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները