Քլինթոն, Լավրով, Կազենև. Ուժի կիրառումը ԼՂ խնդիրը չի լուծելու
Դուբլինում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը, Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար-բանագնաց Բեռնար Կազենևը այսօր հետևյալ հայտարարությունն են արել:
«Դուբլինում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ ենք անում ցուցաբերել խաղաղ հանգուցալուծմանն հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք: Ինչպես հայտարարել են մեր նախագահները 2012 թվականի հունիսի 18-ին Լոս Կաբոսում, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսինկիի սկզբունքներով, մասնավորապես՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության իրավունքը, ինչպես նաև մեր երկրների կողմից 2009 թվականին Աքվիլայում և 2010 թվականին Մուսկոկայում նշված տարրերով: Հղում անելով 2011 թվականին Դովիլում մեր նախագահների կողմից արված հայտարարությանը՝ մենք վերստին հորդորում ենք կողմերին վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ համաձայնության հասնելու համար:
Մենք ցավում ենք, որ խաղաղ գործընթացի ավելի արագ առաջընթացի սպասումները, որոնք ծագեցին ՌԴ նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2012 թվականին հունվարի 23-ին Սոչիում արված համատեղ հայտարարությունից, չարդարացան: Փոխզիջումների վրա հիմնված համաձայնությունների որոնման փոխարեն կողմերը ձգտում են բանակցություններում միակողմանի առավելության հասնել: Ընդունելով, որ վերջին ամիսների ընթացքում շփման գծում և սահմանի վրա լուրջ միջադեպերը նվազել են, այդուհանդերձ կողմերին հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է պահպանել 1994 թվականին ընդունված հրադադարը և այն, որ ռազմական ուժի կիրառումը խնդիրը չի լուծելու:
Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրենց բնակչության շրջանում թշնամություն սերմանող գործողություններից ու հայտարարություններից, որոնք վերջին ամիսներին մեծացրել են լարվածությունը: Կողմերի առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն կրկին ապրելու որպես հարևաններ, այլ ոչ՝ թշնամիներ՝ միմյանց մշակույթի, պատմության ու ավանդույթների հանդեպ հարգանքով»,- ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում