«Լավագույն ուսուցչին» պարգևատրեցին Մայր Աթոռում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է 2004 թվականից:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթը կազմակերպվում է հովանավորությամբ Մայր Աթոռի բարերար ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի: Մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Մրցույթին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:
Հանդիսությունն սկսվել է Տերունական աղոթքով, որին հաջորդել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքը:
ՀՀ ԿԳ նախարարի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք է ասելնաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով իր խոսքում անդրադարձել է Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, մասանավորապես կրթության և գիտության ոլորտում: Տիկ. Կարինե Հարությունյանը կարևորել է նաև համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳ նախարարության միջև` երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` կրթության ոլորտում ցուցաբերվող զորակցության համար: Ապա մրցույթի անցկացմանն անդրադարձել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննսիյանն ու ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մրցույթի հաղթողներին հանձնել են մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգևներ և հոգևոր գրականություն:
Առաջին մրցանակի են արժանացել «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Արշալույս Զուրաբյանը (ՀՀ Լոռու մարզ, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հարությունյանը (Երևան, թիվ 113 միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյանի ավագ դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց), դասվար Անուշ Ալավերդյանը (Երևան, թիվ 51 հիմնական դպրոց): Երկրորդ մրցանակ ստացան 9, իսկ երրորդ մրցանակ` 14 ուսուցիչներ:
Հայոց ուսուցչի մեծարման գեղեցիկ այս արարողության ընթացքում հոգևոր երգերի կատարմամբ ելույթ է ունեցել Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախումբը` Ռաֆֆի Միքայելյանի խմբավարությամբ:
Հանդիսության ավարտին ամենքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցել է Նաթան Սրբազանը` շնորհավորելով մրցույթին մասնակից բոլոր ուսուցիչներին: Անդրադառնալով ուսուցչի առաքելությանը 21-րդ դարում` Սրբազանը մասնավորապես նշել է. «Ուսուցչին բոլոր ժամանակներում պահել է մի բան. իր ներքին նվիրվածության ճրագի լույսը, որովհետև սա հայ իրականության անջնջելի, անփոփոխելի կարևոր մասունքն է: Եթե ուսուցիչն իր մեջ չունենա իր ուսուցչի կանթեղի լույսը, նա չի կարող լուսավորել և դա այլևս լուսավորություն չի կոչվի, այլ պարզ աշխատանք: Կրթությունը, ուսուցչությունը, մանկավարժությունը պարզ աշխատանք չէ, դա կոչում և նվիրում է, նվիրվածություն է սեփական ազգի մտքին, հոգուն և ապագային»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա