Ընդունվել է չորս որոշում՝ ուղղված բժշկասոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը
ՀՀ կառավարությունն ընդունել է չորս որոշում, որոնք ուղղված են սոցիալական, մասնավորապես, բժշկասոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Նախկին որոշումների փոփոխություններով ավելի վերահսկելի է դարձվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատանքը, հստակեցվել են փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշները, հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը։ Այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, ապահովել աշխատանքի առավել թափանցիկություն, ինչն իր հերթին թույլ կտա էականորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նշված խնդիրը հանրային մեծ հնչեղություն է ստացել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն ռիսկերը համատարած բնույթ ունեին։ Արձանագրելով այս իրողությունը` վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից տեղեկացել է, թե ձեռնարկված միջոցները և այս որոշումները բավարար երաշխիքներ տալիս են արդյոք, որպեսզի այդ կոռուպցիոն երևույթներն իսպառ վերացվեն։ Նախարարը հավաստիացրել է, որ այս ընթացքում կատարված աշխատանքը բավական արդյունք է տվել։ «Այս որոշումների ընդունմամբ, հստակեցնելով իրավական մասը, մենք շատ ավելի մեծ քայլ արած կլինենք, որպեսզի նվազեցնենք սուբյեկտիվ մոտեցումները, - ասել է Արտեմ Ասատրյանը։ - Միևնույն ժամանակ, առաջարկել ենք Ձեզ և նաև այս որոշումներով նախատեսվում է հանձնաժողովների նախագահների պաշտոնները քաղաքացիական ծառայությունից դուրս բերել, որպեսզի կարողանանք կարգավորել նաև հանձնաժողովների աշխատողների աշխատավարձի հարցը։ Կարծում եմ՝ սրանով մենք կանոնակարգում ենք այն բոլոր խնդիրները, որոնք տեղ են գտել այս ոլորտում»։
Պատասխանելով վարչապետի հարցին` նախարարը հավելել է, որ այս ընթացքում աշխատանքից ազատվել են հանձնաժողովների վեց նախագահներ, եղել են նաև իրենց դիմումով ազատվողներ, բժիշկ փորձագետներ։
Հաջորդ որոշումներից մեկով օպտիմալացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրական խնդիրների և հիմնադրամի պատասխանատվության ներքո գտնվող միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել համապատասխանաբար 7 մլն և ավելի քան 38.5 մլն դրամ։