Ա. Դավթյան. Ընդդիմությունը հասկանում է, որ առանձին-առանձին չի կարող լուրջ հայտ ներկայացնել
«Ես կարծում եմ, առայժմ որևէ բան չի փոխվել այն ընթացքից, ինչ ունեինք: Այսինքն` ունենք մեր կուսակցության հստակ դիրքորոշումն առ այն, որ դեկտեմբերի 15-ի ՀՀԿ համագումարի ժամանակ մենք ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու ենք գործող նախագահին և կուսակցության առաջնորդին»,- այսօր անդրադառնալով նախընտրական զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ընդդիմադիր ուժերի միջև ընթացող բանակցություններին և նշեց. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, դա բնական է, որովհետև ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը, կարծում եմ, իրատեսության մեջ իրենց հաշիվ տալիս են, որ հազիվ թե առանձին-առանձին կարողանան լուրջ մրցակցության հայտ ներկայացնել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ և փորձում են աջակիցների ու դաշնակիցների հնարավորինս մեծ թիվ ապահովել:
Ես այս ամենը նորմալ եմ գնահատում: Կարծում եմ, փոխադարձ մերժելի մթնոլորտը ոչինչ չասող և ոչ մի տեղ չտանող ճանապարհ կլիներ: Այլ հարց է, որ հնչած ելույթների ու արտահայտած տեսակետների ճնշող մեծամասնության հետ ես համամիտ չեմ»,- հավելեց Ա. Դավթյանը:
Խոսելով Գ. Ծառուկյանի` հնարավոր առաջադրվելու մասին, խորհրդարանականն ասաց, որ կան հնարավոր տարբեր սցենարներ` սատարել գործող նախագահին, առաջադրել իր թեկնածությունը, սատարել մեկ այլ թեկնածուի և այլն, և ինքը բոլոր սցենարներն էլ հնարավոր է համարում:
Ա. Դավթյանն անդրադարձավ նաև վերջին շրջանի ձեռքբերումներին, որոնք ավելացնում են նախագահ Սարգսյանի վերընտրվելու հավանականությունը, ապա նշեց. «Մենք ունեինք ատելությամբ լի մթնոլորտ և երկփեղկված հասարակություն: Սա ներքաղաքական կյանքի ամենաբացասական երևույթն էր, որ կարծում եմ, գործող նախագահին հաջողվեց տարիների աշխատանքի արդյունքում ունենալ այնպիսի մթնոլորտ, որը բոլորիս տրամադրում է լուրջ մրցակցության»: