Գազալցակայանների 90%-ն արդեն տեղադրել է բաշխիչ աշտարակներ
Հայաստանում 303 կազմակերպություն զբաղվում է սեղմված գազի վաճառքով: ՀՀ կառավարությունը դեռ 2008 թ. ընդունել է որոշում այն մասին, որ բոլոր ԱԳԼՃԿ-երում պետք է տեղադրվեն բաշխիչ աշտարակներ` սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և անվտանգության նկատառումներով: Սակայն 2009 թ. ճգնաժամի հետ կապված հետաձգվել էր բաշխիչ աշտարակների տեղադրումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2011 թ-ի հոկտեմբերից վերսկսել է ստուգումները:
Այս տարի տեսչությունն ինտենսիվ ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում` ԱԳԼՃԿ-ներում, որպեսզի պարզի`դրանցում տեղադրված են բաշխիչ աշտարակներ, թե ոչ:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տեսչության պետ Լևոն Խալիկյանը, ներկայումս 303 կազմակերպությունից միայն 30-ը բաշխիչ աշտարակներ չեն տեղադրել: Այդ կազմակերպությունները, ըստ
նրա, փորձում են գերշահույթով աշխատել, մինչդեռ առանց բաշխիչ աշտարակների գազալցակայաններում վտանգ առավել մեծ է:
«Բաշխիչ աշտարակներ տեղադրված գազալցակայաններն անվտանգ են, քանի որ այն հնարավորություն չի տալիս ավելի ճնշումով լիցքավորել, իսկ բաշխիչ աշտարակի բացակայության դեպքում գազը լիցքավորում են ավելի մեծ ճնշումով, ինչն էլ կարող է գազի բալոնի պայթունի պատճառ դառնալ»,- ասաց տեսչության պետը:
Լ. Խալիկյանը տեղեկացրեց, որ հայկական 3 ընկերություններ զբաղվում են բաշխիչ աշտարակների արտադրությամբ և տեղադրմամբ: «Դրանք ունեն բարձր որակ, սակայն տնտեսվարողները ազատ կարող են ընտրություն կատարել: Շուկան այնքան մեծ է, որ ընտրություն անելու հնարավորություն կա, քանի որ բացի տեղականից Հայաստան են ներկրվում բաշխիչ աշտարակներ Չինաստանից, Եվրոպայից»,- ասաց Լ.Խալիկյանը:
Նշենք, որ կառավարության որոշման համաձայն, լիցքավորման բաշխիչ աշտարակը ավտոգազավառելիքի կարգավորվող լիցքավորման համար է, այն չափում է մեքենաներ լիցքավորվող գազի իրական զանգվածը կամ ծավալը, ճնշումը, ջերմաստիճանը և խտությունը, հաշվարկում է լիցքավորված գազի արժեքը: Վահանակի վրա պետք է արտացոլվի չափման միավորի արժեքը (զանգված կամ ծավալ, կգ կամ մ3), լիցքավորված գազի քանակը (զանգված կամ ծավալ, կգ կամ մ3) և արժեքը: Լիցքավորումը ղեկավարվում է օպերատորի կողմից` համակարգչի միջոցով:
Լ.Խալիկյանը հայտնեց նաև, որ տեսչությունը վերջին շրջանում ինտենսիվ ստուգումներ է իրականացնում բենզալցակայաններում: Այս տարվա հունվար-հոկտեմբերին ստուգումներ են իրականացվել 100-ից ավելի բենզալցակայաններում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվել է «սուպերի» փոխարեն: Որոշ բենզալցակայաններում էլ հայտնաբերվել են չափագիտական խախտումներ: Դա նշանակում է, որ բենզալցակայանները լիցքավորում են ավելի քիչ բենզին, քան պահանջվում է:
Ըստ Լ.Խալիկյանի` խախտումներ հայտնաբերված բենզալցակայանների գործունեությունը կասեցվել է, և միայն խախատումները վերացնելուց հետո է դրանց գործունեությունը վերսկսվել: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական տուգանքի` աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները