Միքայել Մելքումյանը կկանչվի ՀՊՏՀ ռեկտորի մոտ` բացատրություն տալու (Տեսանյութ)
Միքայել Մելքումյանի մասին հայտնի տեսանյութից ու բարձրացված աղմուկից իրեն վիրավորված է զգում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա համարում է, որ Միքայել Մելքումյանը մինչ պատգամավոր լինելը նախ և առաջ իր ղեկավարած բուհի ամբիոնի վարիչն է` իր ենթական: Այդ իսկ պատճառով հրապարակման մեջ ներկայացվածն ինչ-որ չափով ռեկտորը նաև իրեն է վերագրում:
«Նման արարքի դեպքում առաջին մեղավորը ես եմ համարվում` որպես այս բուհի ռեկտոր. դա միանշանակ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կորյուն Աթոյանը:
Նշենք, որ Միքայել Մելքումյանը 2009 թ-ից նույն բուհի միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչն է:
Ռեկտորը խոստովանել է, որ իր համար խորթ չեն Մելքումյանի անվան հետ կապվող կաշառակերության մասին խոսակցությունները, բայց քայլեր չի ձեռնարկել. «դրանք շենքից դուրս հնչած կարծիքներ էին` անհիմն, չփաստարկված»:
Աթոյանը համաձայն է, որ իրենք անթերի չեն: Նրա խոսքով, վերահսկողությունը բուհում չի կարող 100 %-անոց լինել:
«Ու թեև նոր համակարգի շնորհիվ քննությունները վերցվում են համակարգչով`առանց դասախոսի հետ որևէ կոնտակտի, միևնույն է` կա ուսանողների մի խավ, որ բուհ է մտնում չսովորելու համար...նրանց պետք է առաջ տանել»,- այսպես է պարզաբանում ռեկտորը:
Նրա խոսքով` ռիսկայինը քննությունների շրջանը չէ, հաճախ խնդիր է լինում «թաքցնել ուսանողների բացակայություները և, գուցե, այստեղ է թաքնված շան գլուխը»:
Պարոն Աթոյանը ցավում է, որ լսած կարծիքները եղել են միայն օդում, բայց ինքն անձամբ, եթե ունենար թեկուզ բանավոր մի բողոք ` շատ խիստ կվարվեր կաշառակեր դասախոսի հետ:
«Եթե զգայի, նկատեի, բռնացնեի.. Միքայել Մելքումյանը չէր սպասի հեռացման… կամավոր էլ կգնար», -վստահեցնում է ռեկտորը և ավելացնում, որ այս անգամ հրապարակումներից հետո առավել հետևողական է լինելու, քանի որ դա նաև իր պատիվն է.
«Իհարկե, կկանչեմ պարոն Մելքումյանին ինձ մոտ, կզրուցեմ անպայման, բայց հո հենց էնպես չեմ վերցնի ու .. այդպես չի լինում, հարցը շատ սուր է դրվում»:
Ռեկտորը Միքայել Մելքումյանի անվան շուրջ բարձրացվող աղմուկը կապում է նաև վերջինիս պատգամավորական գործունեության հետ. «Նրա օրենսդրական գործունեությունն է պատճառը, որ Միքայել Մելքումյանն այսքան շատ է մղվել դաշտ»:
ՀԳ. Երեկ` բուհ-ի մոտ մեր թղթակցին ճանապարհելու պահին , ռեկտորը հանկարծ նկատել է, որ քիչ այն կողմ կանգնած է Միքայել Մելքումյանը` վարորդի հետ ու բարձրաձայնասել է. «Ըհը~ էս էլ մեր Միքայել Մելքումյանը»:
Պատգամավորը, իհարկե, կռահել է, թե նույն թղթակցի ու իր ռեկտորի հանդիպումն ինչ առիթով կարող էր լինել: Սակայն, հակառակ սպասումներին, որ նա կմոտենար ու թղթակցից թեկուզ պարզաբանում կպահանջեր, անմիջապես շրջվել է, ճանապարհը կտրել է անթույլատրելի հատվածում ու արագ հեռացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները