Ա.Բախշյան. Ծնողները նույնպես մեղավոր են կրթության այսօրվա ցածր որակի համար
Facebook-յան իր էջում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը կրթության այսօրվա ցածր որակի համար մեղադրել է նաև ծնողներին.
«Խոսքս ուղղում եմ ծնողներին: Դուք նույնպես մեղավոր եք կրթության այսօրվա ցածր որակի համար, որովհետև դուք նախարարության Թեժ գիծ զանգահարում եք միայն այն ժամանակ, երբ դպրոցը խփում է ձեր գրպանին: Ձեր յուրաքանչյուր զանգից հետո տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները տնօրեններին ուղղակի արգելում են նույնիսկ պաշտոնական կրթական ամսագիր, մանկական ամսագիր, թատրոն կամ որևէ մշակութային միջոցառում նախաձեռնել, մի անթույլատրելի ծայրահեղություն, որից տուժում է մեր ապագա քաղաքացու բարոյական արժեհամակարգը:
Մյուս կողմից չեմ հիշում, որ Թեժ գիծ զանգեք, ներկայանաք ու պահանջեք ապահովել կրթության որակ, ընդվզեք ավարտական քննությունների ժամանակ աշակերտների մասայական արտագրությունների դեմ, պահանջեք, որ տնօրեններն իրականացնեն իսկակական քննություններ, ուսուցիչները ձեր երեխաներին գնահատեն օբյեկտիվ: Ընդհակառակը, որոշ ծնողներ ճանապարհներ են փնտրում ավարտականներում ու ատեստատներում կեղծ թվանշաններ հայթհայթելու համար՝ հանցավոր համագործակցության մեջ մտնելով տնօրենների հետ: Եթե ծնողների մեծամասնությունը իսկապես ընդվզի դպրոցներում առկա հակամանկավարժական երևույթների դեմ, ապա ոչ մի տնօրեն ու պաշտոնյա չի կարող հաշվի չնստել այդ պահանջների հետ: Հարգելի ծնողներ, ձեր երեխաների կրթության որակը կախված է նաև ձեր պահանջատեր լինելուց»,- մասնավորապես գրառել է Ա.Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա