Голос Армении. «Գագիկ Ծառուկյանը նաև բարի աչքեր ունի, հետո ի՞նչ»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցից հետո Եվրախորհրդարանի փոխխոսնակ Ալեխո Վիդալ Կվադրաս Ռոքան հայտարարել էր, թե Գ. Ծառուկյանը կարող է նախագահի լավ թեկնածու լինել, քանի որ ունի մարդկային լավ հատկանիշներ և աչքի է ընկնում լավատեսությամբ: Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է. «Հնարավոր է Գագիկ Ծառուկյանի մամուլի ծառայությունը ենթադրել է, թե Գ. Ծառուկյանի մարդկային լավ հատկանիշները նշելով` Ռոքան հաճոյախոսել է վերջինիս, սակայն իրականում Եվրախորհրդարանի փոխնախագահը պարզապես բավական իջեցրել է նախագահի թեկնածու հանդիսացող քաղաքական գործչի մակարդակը: Մի քանի լավ մարդկային հատկանիշ ունենալն ու լավատեսությունը միայն բավական չեն ՀՀ նախագահ լինելու համար»: Իր կողմից թերթը նաև ավելացնում է. «Գագիկ Ծառուկյանը նաև բարի աչքեր ունի, հետո ի՞նչ…»:
Անդրադառնալով Բրյուսելում արված Գ. Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել, քանի որ դրա դեմ պայքարում են հենց կոռումպացվածները` «ГА»-ն նկատում է. «Կոռուպցիայի մասին խոսող Գ. Ծառուկյանի կուսակցությունը 4 տարի շարունակ եղել է այն կառավարության մի մասը, որին այսօր մեղադրում է կոռումպացվածության մեջ և այդ կառավարության մաս եղած ժամանակ ԲՀԿ-ն երբևէ աչքի չի ընկել կոռուպցիայի դեմ պայքարով: Ավելին` ամենակոռումպացված նախարարությունները եղել են հենց ԲՀԿ-ին պատկանող նախարարությունները»: Թերթը նաև նշում է, որ Գ. Ծառուկյանի այս հայտարարությունն ամենևին էլ լավատեսությամբ աչքի չի ընկնում: