«Google Apps»-ի կորպորատիվ տարբերակը վճարովի կդառնա
«Google» ընկերությունն այսուհետ գումար է գանձելու «Google Apps» փաթեթի հավելվածները նույնիսկ փոքր կազմակերպությունների կողմից օգտագործելու դիմաց:
Այս մասին ասված է «Google Enterprise» բլոգում, գրում է «Լենտա.ռու»-ն:
Նշվում է, թե ծառայություններից օգտվելու նվազագույն գումարը կազմելու է տարեկան 50 դոլար ցանկացած ընկերության ամեն մի աշխատակցի համար: Վճարովի ծառայությունը կապահովի «Google Apps»-ի հասանելիությունը, 24-ժամյա տեխնիկական աջակցություն հեռախոսակապի միջոցով և 25 գիգաբայթ հիշողության ծավալ ընկերության սերվերում:
Նշվում է, թե ուսումնական հաստատությունների և անհատների համար ծառայությունը կմնա անվճար: 2011 թ-ի գարնանը «Google» ընկերությունն արդեն խստացրել էր հավելվածներից օգտվելու պայմանները, վճարներ գանձելով 10-ից ավելի աշխատակից ունեցող բոլոր ընկերություններից: Այժմ ծառայությունը վճարովի է բոլոր կորպորատիվ հաճախորդների համար, անկախ աշխատակիցների թվաքանակից:
«Google Apps» փաթեթը ներառում է «Gmail» էլեկտրոնային փոստային ծառայությունը, փաստաթղթերի խմբագրումը, օրացույցն ու այլ հավելվածներ:
«The Wall Street Journal» պարբերականի տվյալներով, «Google Apps» ծառայություններից օգտվում է ավելի քան 5 միլիոն ընկերություն աշխարհով մեկ: