Նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին (վիդեո)
Նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին: Րոպեներ առաջ այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Այսօր կգումարվի նաև ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում կհաստատվի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Նշենք, որ «Ընտրական օրենսգրքի» համաձայն, Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:
Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:
Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ: