Քաղաքագետ. Համանախագահների ու հայկական կողմի մոտեցումները ԼՂ հարցով համահունչ են միմյանց
Դուբլինում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունում ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելութում արված շեշտադրումները համահունչ էին միմյանց: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Պարզորոշ երևում է, որ ներկայումս բանակցային գործընթացում առաջընթացի խոչնդոտը ադրբեջանական կողմն է, և ակնհայտ է, որ այս պահին հայկական պետություններն ու Մինսկի խմբի համանախագահները մի կողմից, իսկ Ադրբեջանը մյուս կողմից հայտնվել են հակառակ դիրքերում»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, ՀՀ արտգործնախարարն իր ելույթում հատուկ ընգծել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը հետ է կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ փորձ կատարելով բանակցային գործընթացից քաղել միակողմանի օգուտներ, ինչն արտացոլված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների դուբլինյան հայտարարության մեջ: «Իհարկե, միջազգային հանրությունը, և առաջին հերթին Մինսկի խնբի համանախագահ երկրները գիտակցում են, որ ադրբեջանական կողմի նման դիրքորոշումը բավական լուրջ խոչընդոտ է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար: Այդուհանդերձ ցավալի է, որ միջազգային հանրությունը և հատկապես համանախագահներն իրենց հայտարարություններում շարունակում են կոնկրետ հասցեատերեր չմատնանշելու քաղաքականությունը:
Դա փաստացիորոն ճանապարհ է հարթում Ադրբեջանի իշխանությունների համար շարունակել այն քաղաքական գիծը, որը ներկայումս անուղղակիորեն ենթարկվում է քննադատության»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով, ակնհայտ է մոտեցումների միջազգային հանրության ու հայկական կողմի մոտեցումների ընդհանրությունը նաև այլատյացության հետկապված: «Աչքի է զարնում այն փաստը, որ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները և թե ՀՀ ԱԳ նախարարը հրավիրում են միջազգային հանրության ուշադրությունը այն խնդրի վրա, որ Ադրբեջանում շարունակվում է հակահայկական քարոզչությունը: Ավելին` նման դրսևորումները հարևան երկրում դիտվում են որպես հերոսություն: Բնականաբար միջազգային հանրությանը շատ լավ գիտակցում է, որ սա չի կարող նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը և թշնամանքի հաղթահարմանը»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Դուբլինում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ընդունել են համատեղ հայտարարություն, ուր, մասնավորապես, ասված է.
«Ինչպես հայտարարել են մեր նախագահները 2012 թվականի հունիսի 18-ին Լոս Կաբոսում, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսինկիի սկզբունքներով, մասնավորապես՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության իրավունքը, ինչպես նաև մեր երկրների կողմից 2009 թվականին Աքվիլայում և 2010 թվականին Մուսկոկայում նշված տարրերով: Հղում անելով 2011 թվականին Դովիլում մեր նախագահների կողմից արված հայտարարությանը՝ մենք վերստին հորդորում ենք կողմերին վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ համաձայնության հասնելու համար»:
Իր հերթին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում նշել է. «Չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ Հայաստանը շարունակելու է իր ջանքերն ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով, բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված նպատակների, սկզբունքների և նորմերի, Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս Կաբոսում համանախագահ երեք երկրների ղեկավարների արած հայտարարությունների դրույթների վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան