Karabakhrecords.info կայքը հաղթող է ճանաչվել ArmNet Awards-2012 «Լավագույն կոնտենտ» անվանակարգում (Տեսանյութ)
Ժյուրիի քվեարկության արդյունքում 2012թ-ի դեկտեմբերի 8-ին Karabakhrecords.info կայքը հաղթող է ճանաչվել ArmNet Awards-2012 «Լավագույն կոնտենտ» անվանակարգում: Կայքը ստեղծվել է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի կողմից:
Կայքում տեղադրված նյութերը ներկայացնում են 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները: Ռեսուրսի նպատակն է քարտագրավորել «Սովորական ցեղասպանություն» նախագծի փաստաթղթային բազան, որն իր մեջ է ներառում արխիվային փաստաթղթեր, ֆոտո և վիդեո կադրեր, տուժածների և ականատեսների վկայություններ, դատական գործընթացների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցները, ինչպես նաև` մամուլում զետեղված հրապարակումներ:
Karabakhrecords համացանցային ռեսուրսի յուրահատկությունն այն է, որ այստեղ առաջին անգամ ամբողջականորեն ներկայացված են Սովետական Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում 1987-1992թթ-ի ընթացքում քաղաքացիական բնակչության ջարդերի և բռնի տեղահանման վերաբերյալ փաստագրական նյութեր: Կայքի հիմնական նպատակներից մեկն է. փաստերի լեզվով, փաստաթղթերի և ականատեսների ու միջազգային դիտորդների վկայությունների հիման վրա հիմնավոր պատասխան տալ պատմությունը կեղծելու և պատերազմից առաջ Ղարաբաղյան հակամարտության նախապատերազմյան իրադարձություններն աղավաղելու Ադրբեջանի փորձերին, ինչպես նաև` 1992թ-ին Մարաղա գյուղում կատարվածը կոծկելու փորձերին:
Կայքի նյութերը ներկայացված են տարբեր լեզուներով և անընդմեջ թարմացվում են: Բաքվում հայերի ջարդերի հերթական տարելիցի, ինչպես նաև Սումգայիթի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ կայքում պլանավորվում է տեղադրել նախկինում չհրապարակված ֆոտո և վիդեո նյութեր, ինչպես նաև` տուժածների և ականատեսների վկայությունների վերջերս հայտնաբերված տեսաձայնագրությունները, որոնք արվել են վերոնշյալ իրադարձություններից անմիջապես հետո: