Կարեն Անդրեասյանն իրեն նմանեցնում է մահացածի հարազատի
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին մարդու իրավունքները ոտնահարող անվանեցին: Դեպքը տեղի ունեցավ քիչ առաջ «Կոնգրես» հյուրանոցում, որտեղ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներն ու ՄԻՊ գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ողջույնի ելութներից հետո հերթը Մարդու իրավունքների պաշտպանինն էր: Մինչ Կ. Անդրեասյանը կհասցներ բարևել, դահլիճում նստածներից մեկը` տարեց տղամարդ, վեր կացավ ու սկսեց բարձրաձայն գոչել, թե մարդու իրավունքների պաշտպանն ու նրա աշխատակազմը կոպտորեն ոտնահարում են իր իրավունքները, քաղաքացին ոչ թարգմանելու, ոչ էլ իրեն ընդմիջելու հնարավորություն էր տալիս:
Նշենք, որ մինչ քաղաքացին խոսում էր, պաշտպանի մամուլի քարտուղարն իր կողքին կանգնած երիտասարդ տղամարդուն հորդորում էր դուրս հրավիրել քաղաքացուն: Ավարտելով իր դժգոհության խոսքը, քաղաքացին ինքնակամ դուրս եկավ դահլիճից, այդպես էլ ներկաների համար պարզ չդարձավ` ով էր նա, ինչու էր դժգոհ պաշտպանից:
«Տարվա 365 օրը մենք ապրում ենք հենց այսպես»,-միջադեպից հետո խոսքն այսպես սկսեց պաշտպանը, նշելով, թե իրեն այս տարվա ընթացքում 5.5 հազարից մարդ է դիմել, սակայն ոչ բոլորի խնդիրներին են լուծում տրվել: Պատճառը, ըստ պաշտպանի, առկա օրենսդրությունն է, դատական համակարգն ու այլ գործոներ:
Կարեն Անդրեասյանն իրեն համեմատեց մահացած մարդու հարազատի հետ, ում կողքերը մարդիկ հավաքվում են թաղման, յոթի ու քառասունքի օրը, իսկ դրանից հետո հարազատին մենակ են թողնում իր վշտի հետ: Միաժամանակ պաշտպանը շնորհակալություն հայտնեց իր կողքին նստած միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, նշելով, թե նրանք իրեն աջակցում են ողջ տարվա ընթացքում, երբեմն էլ ավելի վաղ են բարձրաձայնում խնդրի մասին, քան պատկան մարմինները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները