«Տղուդ վերցրու ու ըտեղից սիկտիր եղի». Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետը` քաղաքացուհուն
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը քաղաքացուն վիրավորել է, հայհոյել: «Մենք վարչությունում ներքևում սպասում էինք, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետը իրա տեղակալի հեռախոսով զանգեց, տվեց հեռախոսը ինձ ու ասեց` դուք Մարիետան ե՞ք, ասեցի հա, ինքն էլ ասեց` դե տղուդ վերցրու ու ըտեղից սիկտիր եղի: Ես մի պահ ապշած մնացի ու չէի հավատում ականջներիս», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում իր և որդու հետ կատարված միջադեպն է ներկայացնում Մարիետա Ումռշատյանը:
Վերջինը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ժամանակին իրավունքների պաշտպանության համար դիմել էին Պաշտպանին, ներկա էին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՄԻՊ գրասենյակի կազմակերպած հանդիպմանը:
Ոստիկանությունում տիկին Մարիետայի ու նրա որդու` Արմեն Մելիքյանի հետ կատարվածին Panorama.am-ը անդրադարձել էր: 25-ամյա Արմենը վերջերս որպես վկա կանչվել էր ոստիկանություն և 12 ժամից ավելի պահվել ոստիկանությունում ու նրա կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել: Արմենի մայրը պնդում է, որ որդուն ոստիկանության բաժանմունքում ծեծել են, որովհետև ոստիկանությունից տղան դուրս է եկել աչքի տակը կապտած:
«Նրան ստիպել են, որ ցուցմունք տա, բայց իմ տղան ընդհանրապես կապ չունի էդ գողության դեպքի հետ», -ասաց տիկին Մարիետան: Նա բավականին հուզված էր ոստիկանապետի այդպիսի վարքագծից և ասաց, որ բացի «սիկտիր եղի» արտահայտությունից, ոստիկանապետ Հովհաննիսյանը հայհոյել է իրեն հեռախոսով: Հիմա որդին ազատության մեջ է, բայց ասում է` վախեցած` հանկարծ էլի չկանչեն ոստիկանություն:
ՄԻՊ աշխատակազմի` դեկտեմբերի 5-ին տարածած հաղորդագրությանը, ոստիկանության լրատվական ծառայությունն անդրադարձել է միայն երեկ «Հերթապահ մաս» հաղորդման շրջանակներում: Ըստ ոստիկանության, Քանաքեռ-Զեյթունի բաժնում Արմենին հայտնվել է իր կարգավիճակի մասին: Քննիչ Հարությունյանը տեսանյութում ասում է, որ Արմենին բացատրվել են վկայի պարտականությունները: Բացի քննիչից տեսանյութում խոսում է Քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա. Քոչարյանը պատմում է, որ Արմեն Մելքոնյանը իր ցանկությամբ է գտնվում ոստիկանությունում:
«Որևէ կերպ փաստարկված չէ, որ Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետը կոպտել է Մելքոնյանին, ապա հեռախոսով հայհոյել է նրա մորը», -ասված է ոստիկանության տեսանյութում: Այստեղ նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հորդոր է հնչեցվում` շտապողականություն չդրսևորել: «ՄԻՊ գրասենյակը ծանրակշիռ կառույց է, նրա ցանկացած հաղորդագրություն հասարակական կարծիք է ձևավորում և այս պարագայում պետք է բացառել իրողությունները թերի կամ միակողմանի գնահատելու ցակացած հնարավորություն», -ասված է տեսանյութում:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, սակայն, ասում է, որ եթերում ոստիկանությունը ստել է: «Եթերում ես տեսնում եմ, որ ստում են, ասում են չի ներկայացել: Եթե չէր ներկայացել, ինչու էիք հաշվի նստում այդ օտար, անծանոթ քաղաքացու հետ: Եթե միևնույն ժամանակ ներկայացել էր, ինչու եք մոլորեցնում մարդկանց: Մենք փորձում ենք խնդիր լուծել, իսկ ինչ-ինչ պաշտոնյաներ անհանգստանալով իրենց պաշտոնի, հեղինակության համար, լղոզում են խնդիրը և փորձում են հիվանդ գլխից խնդիրը տեղափոխել առողջ գլխի վրա` մեղադրելով թե Պաշտպանին, թե այն քաղաքացուն, որը հանդգնել է դուրս գալ պաշտոնյայի դեմ», -այսօրվա հանդիպմանը պատասխանելով այդ թեմայի մասին հարցին, հայտարարեց Պաշտպանը:
Նա ասաց, որ իրենք հավատալու են քաղաքացուն: «Երբ քաղաքացին գալիս է ու ասում է, որ իրեն ստորացրել են ոստիկանությունում, մենք հավատում ենք քաղաքացուն: Բայց մեր հավատը չի նշանակում, որ մենք չենք հարգում նույն ոստիկանության աշխատողին: Բայց մեր աշխատակիցը երբ տեսնում է ոստիկանությունում ոստիկանի անբարտավան սուտը, ցինիզմը, մենք չենք կարող դանդաղել, որ այդ կապտուկները անցնեն», ասաց Անդրեասյանը` հորդորելով ներկաներին «արատներով ճանաչված պետական մարմինները» մոլորեցնեն իրենց:
Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս է խորհրդակցությունների ընթացքում հայտարարել, որ ոստիկանությունում բռնությամբ ու խոշտանգումներով ցուցմունքներն ստանալն անընդունելի է: