Բ. Սահակյան. Դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց մեր երկրի հետագա զարգացման ուղին:
15 տարի հետո` 2006 թվականին նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով մենք ընդունեցինք պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Դրանով իսկ մեր ժողովուրդը կրկին վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին ու համամարդկային արժեքներին` մեկ անգամ ևս ապացուցելով, որ իր ընտրած ուղին անսասան է ու ճիշտ, ընթացքն` անկասելի ու հաստատուն:
Մեր նպատակն է իրականացնել մեր նախնիների դարավոր երազանքը` ունենալ ուժեղ, զարգացած ու հզոր հայրենիք, ապահովել ժողովրդի բարեկեցիկ կյանքը, սերունդների համար կերտել պայծառ ու լուսավոր ապագա: Եվ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր համազգային նպատակները` կյանքի կոչել միասնաբար ու համախմբված, ուս ուսի հաղթահարելով բոլոր դժվարությունները և քայլ առ քայլ մոտենալով մեր վերջնական հաղթանակին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս պետական կարևոր տոնի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` Արցախի անկախ պետականության զորացման անշեղ ճանապարհին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում