Դ. Բաբայան. 2012 թվականը ԼՂ հարցի կարգավորման տեսանկյունից անհաջող էր
«2012թ ընդհանուր առմամբ եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ամենաանբարենպաստ տարիներից մեկը: Եվ դրա հիմնական պատճառը Բաքվի կողմից վարած քաղաքականությունն է, հատկապես Սաֆարովի հերոսացումը և դրա հետ կապված գործընթացները»,- ԼՂ հիմնահարցի համատեքստում, անդրադառնալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների Դուբլինում կայացած խորհրդի նիստին, Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, որքան էլ միջազգային հանրությունը Ադրբեջանին կոչ անի վերանայել իր դիրքորոշումը, մեկ է՝ Ադրբեջանն իր ֆաշիստական քաղաքականությունը շարունակում է և պատրաստ չէ փոխզիջումների:
«Ադրբեջանը իր ներքին խնդիրները փորձում է քողարկել, շահարկել թշնամու կերպարում»,- նշեց Դ. Բաբայանը, հավելելով, որ միջնորդ երկրների կողմից ևս Ադրբեջանի պահվածքն անհասկանալի ու անընդունելի է:
«Միջնորդ երկրները փորձում են քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն չառաջացնելու համար, սակայն Ադրբեջանին նման ձևով անհնար է զսպել»,- ասած մամուլի խոսնակը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի պահվածքը մեղմելուն ուղղված քայլերը արդյունք չեն տալիս, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը առավել կտրուկ քայլերի գնա: