Փորձագետ. Ադրբեջանը ՌԴ-ին հարված հասցրեց, սակայն պատասխանն անխուսափելի է
Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի Ռադիոլոկացիոն կայանի շահագործումը: Որպես պատճառ նշվում է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև արդեն տևական ժամանակ ընթանում էին Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության պայմանագրի երկարաձգման բանակցություններ, սակայն կողմերն այդպես էլ վարձակալության չափի հարցում չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:
Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ:
«Ադրբեջանը ամեն ինչ արեց, որպեսզի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման խնդիրը վերջնակապես փակվի, իսկ վարձավճարի թեման ուղղակի առիթ էր նրա համար: Միջազգային պրակտիկայում չլսված բան է, որ կողմերից մեկը փորձի վարձավճարը 10 անգամ բարձրացնել, միանշանակ նկատելի էր, որ Ադրբեջանի համար այդքան կարևոր չէր վարձավճարի բարձրացումը, որքան Ռուսաստանի ներկայությունից ազատվելը»,- նշեց փորձագետը:
Հարցին, թե՝ ռուս փորձագետները ավելի վաղ հայտարարել էին, որ Գաբալայի ՌԼԿ-ի ֆունկցիաներ ի վիճակի է իրականացնել Արմավիրում նոր կառուցված ՌԼԿ-ը, վերջինս ասած, որ Ադրբեջանում տեղակայված կայանի սարքավորումները բավականին մաշված էին, իսկ ՌԴ նոր կայանը բավականին արդիական սարքավորումներով է զինված և իրականում պատրաստ է իրականացնել նաև այն խնդիրները, ինչն ավելի վաղ դրված էր Գաբալայի ՌԼԿ-ի վրա:
Միաժամանակ փորձագետը կարծիք հայտնեց, որ առաջիկայում չի բացառվում, որ Իրան-Իսրայել և Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացման համատեքստում Ադրբեջանում իսրայելական կամ ամերիկյան ՌԼԿ կառուցվի:
«Ադրբեջանը կայանի վարձակալության ժամկետը չերկարաձգելով հարված հասցրեց Ռուսաստանին, սակայն ՌԴ պատասխանը ևս անխուսափելի է դառնում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները