Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ՌԼԿ-ի շահագործումը
Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի Ռադիոլոկացիոն կայանի շահագործումը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «զերկալո» պարբերականը` հղում անելով Ադրբեջանի պատպանության նախարարության մամլո ծառայության տարածված հայտարարությանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև արդեն տևական ժամանակ ընթանում էին Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության պայմանագրի երկարաձգման բանակցություններ: Այնուամենայնիվ, կողմերը այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ վարձակալության չափի հարցում:
«Ելնելով վերահիշյալից` ՌԴ-ն պաշտոնական նոտա է հղել ադրբեջանական կողմին, այն մասին, որ 2012 թ. դեկտեմբերի 10-ից դադարեցնում է կայանի շահագործումը, այն պատճառով, որ «Ռուսաստանի և Ադրբեջանի` Գաբալայի ՌԼԿ-ի կարգավիճակի, շահագործման դրույթների և պայմանների վերաբերյալ» պայմանագիրը 2012թ դեկտեմբերի 9-ին համարվում է ուժը կորցրած»,- նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը տևական ժամանակ բանակցություններ էին վարում Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի կայանի վարձավճարի շուրջ: Պաշտոնական Բաքուն պահանջում էր տարեկան 300 մլն դոլար՝ նախկինում գործող 7 մլն դոլար վարձավճարի փոխարեն: