«GTI». Հայաստանը կովկասյան երկրներից ամենաքիչն է ենթակա ահաբեկչական սպառնալիքների
Հայաաստանը կովկասյան երկրներից ամենաքիչն է ենթակա ահաբեկչական սպառնալիքներին, իսկ ԱՊՀ երկրների շարքում այն զիջում է միայն Թուրքմենստանին: Այս մասին են վկայում «Ահաբեկչության գլոբալ ինդեքս» 2012 թ-ի տվյալները: Հետազոտությունը, որը զեկույցի տեսքով հրապարակվում է ամեն տարի, հիմնված է Մերիլենդ նահանգի համալսարանի ահաբեկչության և դրա դեմ պայքարի ազգային կոնսորցիումի բազային տվյալների վրա:
«Ահաբեկչության գլոբալ ինդեքս»-ը կազմվում է Տնտեսության և խաղաղության ինստիտուտի կողմից և ուսումնասիրում է ահաբեկչության տարածման միտումները վերջին 10 տարիների ընթացքում:
Դասակարգման աղյուսակում առավել բարձր հորիզոնականներում են հայտնվել ահաբեկչության համար առավել ռիսկային երկրները: 158 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 97-րդ տեղը, մինչդեռ Ադրբեջանը 81-րդ է: Վրաստանում ահաբեկչությունների ռիսկը ևս բարձր է գնահատվում. այդ երկիրը զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Բարձր ռիսկային են համարվում Իրանը և Թուրքիան, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են աղյուսակի 17-րդ և 19-րդ տեղերը:
ԱՊՀ-ում ամենավատ ցուցանիշը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, որը ցուցակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Բելառուսը 32-րդ տեղում է, Ղազախստանը՝ 47-րդ, Մոլդովան՝ 79-րդ, Տաջիկստանը՝ 59-րդ, Ղրղզստանը՝ 92-րդ, Թուրքմենստանը՝ 116-րդ:
Ահաբեկչության համար ամենախոցելի երկիրը Իրաքն է, որին հաջորդում են Պակիստանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Եմենը, Սոմալին ու Նիգերիան: