ArmNet Awards-2012-ի «Նորարարություն» Citybugs.am-ը մտադիր է ընդլայնել իր աշխարհագրությունը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ժյուրիի քվեարկության արդյունքում 2012թ-ի դեկտեմբերի 8-ին www.citybugs.am կայքը հաղթող է ճանաչվել ArmNet Awards-2012 «Նորարարություն» անվանակարգում (ֆոտոշարք):
Կայքը ստեղծվել է անցյալ տարի ձմռանը` «Հեքըթոնի» -ի շրջանակներում՝ X -TECH ընկերության կողմից:
Citybugs.am կայքը սոցիալական հարթակ է, որը նախատեսված է Երևանի կոմունալ և այլ խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Կայքի օգտատերերը կայքի միջոցով հայտնում են, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի այս կամ այն մասում: Կայքը կապված է Google Maps ծրագրի հետ, որն ապահովում է կայքի ինտերակտիվություն, ինչը հնարավորություն է տալիս քարտեզի վրա ցույց տալ խնդրի վայրը և համեմատել քաղաքի տարբեր համայնքներում լուծված և չլուծված խնդիրների առկայությունը:
«Այն նպատակ է հետապնդում բարելավելու և տեսանելի դարձնելու բարեփոխումները քաղաքաշինության ոլորտում, բարելավելու հետադարձ կապը հասարակության հետ, ապահովելու Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու բարձրացնելու բնակչության իրազեկվածության աստիճանը Երևանի կոմունալ խնդիրների վերաբերյալ»,- Panorama.am-ին ասաց «CityBugs.am» նախագծի ղեկավար, X-TECH ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Աղաջանյանը՝ հավելելով, որ համագործակցում են նաև Երևանի քաղաքապետարանի հետ:
Կայքը դեռևս թողարկվում է միայն հայերեն և անգլերեն, սակայն ընկերությունը նպատակ ունի այն դարձնել եռալեզու, ինչպես նաև ընդլայնել դրա աշխարհագրությունը՝ Երևանից բացի ներգրավելով նաև այլ քաղաքներ:
«Մրցանակը աշխատանքի գնահատականն է: Շատ ուրախ ենք, որ Վրաստանում կրկին այս նախագծի՝ Citybugs.am-ի, շահած մրցանակներին ավելացավ նաև այս մրցանակ-գնահատականը»: