Թուրքագետ.«Համաշխարհային միտումներ 2030» զեկույցը Թուրքիայիում ցավագին է ընդունվել
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության խորհրդի «Համաշխարհային միտումներ 2030» վերտառությամբ զեկույցում Թուրքիային առնչվող հարցերի հետ կապված Panorama.am-ի թղթակիցը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
-Ինչ է իրենից ներկայացնում այդ զեկույցը:
-ԱՄՆ-ի Ազգային հետախուզության խորհուրդն իրականացնում է հիմնականում երկարաժամկետ վերլուծություններ ու համաշխարհային միտումների գնահատականներ` ներկայացնելով հնարավոր սցենարները: Դրանք ներկայացվում են պետական համապատասխան մարմիններին` երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական մշակումներ իրականացնելու համար: Այդ կառույցը բավական կարևոր դեր է խաղում ամերիկյան հետախուզական ու ռազմավարական մշակումներով զբաղվող գերատեսչությունների համակարգում: Իսկ դրա կողմից պատրաստված զեկույցները, որոնք ապագայի կանխատեսումային ու սցենարային մշակումներ են իրենցից ներկայացնում, հրապարակվում են ամեն 5 տարին մեկ:
-Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այդ զեկույցում խոսք է գնում Թուրքիայի տարածքային ամբողջականության վտանգի մասին: Ի՞նչ մասին է խոսքը:
-Այս զեկույցում բավական հետաքրքիր անդրադարձ կար նաև Թուրքիային: Նախ նշվում է, որ Թուրքիայի տնտեսական ներուժը էլ ավելի կզարգանա և տնտեսական առումով այդ երկիրը առաջընթաց կապահովի: Սակայն զեկույցում բավական հստակ խոսվում է Թուրքիայի տարածքային ամբողջականության հնարավոր խախտման մասին: Խոսքը վերաբերում է Թուրքիայում քրդական բնակչության աճի տեմպերին և Քուրդիստանի ստեղծմանը, ինչը հարցականի տակ կարող է դնել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Զեկույցում հստակ նշված է, որ Քուրդիստանի ստեղծմամբ կվերագծվեն Մերձավոր Արևելքի սահմանները և հարված կհասցվի Թուրքիայի տարածքային ամբողջականությանը` մեծացնելով իր հարևանությամբ խոշոր հակամարտության մեջ ներքաշվելու ռիսկայնությունը: Ի դեպ, նախկին զեկույցներում որոշակի ակնարկ եղել է Թուրքիայի ազգային ինքնության, ժողովրդագրական ու էթնիկ հիմնախնդիրներին, սակայն նման ձևակերպումն ու շեշտադրումը այս զեկույցում նորություն է:
-Ի՞նչ արձագանքներ կան այս զեկույցի հետ կապված Թուրքիայում:
-Նախ, ցանկացած նման հրապարակում բավական ցավագին է ընդունվում Թուրքիայում: Վերոնշյալ զեկույցը ներկայում դարձել է թուրքական ԶԼՄ-ների հիմնական արծարծվող թեման: Թուրքիայի տարածքային ամբողջականության թեման ամենազգայունն է և լուրջ իրարանցում է առաջացնում այդ երկրի հասարակական-քաղաքական դաշտում: Նախկինում ևս եղել են տարբեր հոդվածներ, հրապարակումներ, որոնք արծարծել են Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդիրը և լուրջ իրարանցում առաջացրել: Հիշենք, օրինակ ամերիկյան գնդապետ Ռալֆ Պետերսի հոդվածը, որտեղ նույնպես խոսք էր գնում Քուրդիստանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականության խախտման մասին: Դա Թուրքիայի քաղաքական ու վերլուծական շրջանակների կողմից ընկալվեց որպես ոչ պաշտոնական ճանապարհով ամերիկյան մտադրությունների ներկայացում և դավադրություն: Նման բազմաթիվ օրինակներ կան, սակայն վերոնշյալ զեկույցը բավական առանձնանում է այլ հրապարակումներից, քանի որ պատրաստվել է ամերիկյան կարևորագույն պետական կառույցի կողմից:
-Իսկ ինչ արձագանքներ կան Թուրքիայից:
-Արդեն իսկ այդ զեկոյցը լուրջ աղմուկ է բարձրացնում Թուրքիայում և հատկապես ԶԼՄ-ները բավական լայնորեն են անդրադառնում: Չի բացառվում նույնիսկ, որ Թուրքիան պաշտոնական մակարդակով քայլեր կձեռնարկի` բացատրություններ պահանջելով ԱՄՆ-ից: Առաջիկայում այս հարցով պաշտոնական ու քաղաքական քննարկումներ ու հայտարարություններ կարող են լինել: Սա կարող է նաև կրկին ուժգնացնել այդ երկրում հակաարևմտյան, հակաամերիկյան տրամադրությունները` կրկին օրակարգ բերելով «Թուրքիայի դեմ արևմտյան դավադրությունների» բավական կարծրացած մտայնությունը:
-Կա՞ն արդյոք այլ կարևոր շեշտադրումներ Թուրքիայի վերաբերյալ:
-Հետաքրքիր է այն, որ խոսվում է Թուրքիայի միջուկային հավակնությունների հնարավորության մասին: Զեկույցում նշվում է, որ որպես միջուկային Իրանին հակազդելու միջոց Թուրքիան կարող է ձգտել սեփական միջուկային հնարավորությունների զարգացմանը կամ էլ ապավինել ՆԱՏՕ-ի պաշտպանական «վահանին»: Նման վերլուծությունները արդիական են դարձել հատկապես Թուրքիայի կողմից միջուկային էներգետիկայի զարգացման ռազմավարության համատեքստում: Հարկ է նշել նաև, որ նախկին զեկույցում էլ որոշակի ակնարկ կար Թուրքիայի միջուկային հավակնությունների վերաբերյալ, սակայն հստակեցված չէր, թե արդյոք խոսքը վերաբերում է միջուկային զենքին:
-Կա՞ն արդյոք Հայաստանին կամ ընդհանրապես Հարավային Կովկասին վերաբերող դրույթներ:
-Ոչ, զեկույցում որպես այդպիսին անդրադարձ չկա: Ընդհանուր ժողովրդավարական միտումների համատեքստում խոսք է գնում Ադրբեջանի մասին, որն ի թիվս հիմնականում աֆրիկյան ու ասիական մի շարք երկրների` ներկայացվում է «ժողովրդավարության պակաս ունեցող երկրներ»-ի ցանկում` որպես, փաստորեն խնդրահարույց պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա