Վարչապետ. Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ավելի քան 350 կազմակերպություն
Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ավելի քան 350 կազմակերպություն, որից 107-ը ներկայացնում են արտասահմանյան ընկերություններ, ընդ որում` 50-ը ամերիկյան կապիտալի մասնակցությամբ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը 205 մլն ԱՄՆ դոլար է, որից արտահանելի մասը` 120 մլն-ը: Շարունակաբար աճում է ոլորտում զբաղվածների թիվը, որն այս պահի դրությամբ հասնում է 6760-ի:
Նման տվյալներ ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը «ԱրմԹեք-2012» համաժողովում: ԱՄՆ Սան Հոզե քաղաքում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։
Նա նշել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և պատահական չէ, որ վերջին շրջանում ոլորտում արձանագրվում է շուրջ 25 տոկոս տարեկան աճ:
Նա ընդգծել է, որ սփյուռքը հսկայական ներուժ ունի աշխարհում տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ու առաջատար կենտրոնների հետ կապեր հաստատելու և մեր երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու առումով:
Վարչապետ Սարգսյանն ընդգծել է կրթության կարևորությունը տեղեկատվական տեխոնոլոգիաների զարգացման գործում. «Կառավարության գործունեության ծրագրում մեծ տեղ են գրավում կրթությանը վերաբերող խնդիրները: Մենք հիմնել ենք «Լույս» հիմնադրամը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ երիտասարդներին կրթություն ստանալ աշխարհի 10 լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Կրթված մարդն է 21-րդ դարի հասարակության զարգացման շարժիչ ուժը, և այսօր պարտավոր ենք լուրջ ներդրում կատարել ապագա սերնդի կրթության գործում»: