Զոյա Թադևոսյանը բացատրել է Լևոն Տեր-Պետրոսյանի լռության պատճառը
Հայ Ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանի համոզմամբ, ՀԱԿ-ում տրամադրությունները վճռական են: «Համակերպվել այս իշխանությունների գոյության հետ շատ բարդ է, և հինգամյա մեր պայքարը ցույց է տալիս, որ մենք չենք հաշտվելու այս իրավիճակի հետ և գնալու ենք այն ճանապարհով, որը նշված է ՀԱԿ հռչակագրով: Իսկ թե ինչ հաջողություններ ենք ունենալու, դա կախված է ոչ միայն ՀԱԿ-ից, այլ նաև ամբողջ հասարակությունից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Թադևոսյանը:
Հարցին, թե ինչ փուլում են ՀԱԿ-ում նախագահական ընտրություններին ընդառաջ քննարկումները, Զոյա Թադևոսյանն ասաց, որ ընթանում են «ակտիվ բանակցություններ քաղաքական մյուս ուժերի հետ»: «Իսկ թե ինչ արդյունքի կհանգեցնեն այդ բանակցությունները, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում ես լավատես եմ` պետք է միասնական թեկնածու ունենանք», -փոխանցեց ՀԱԿ անդամը:
Նրա խոսքով, դժվար է կոնսենսուսային լուծման գնալ, որովհետև ինչպես Կռիլովի հայտնի առակում (նկատի ունի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակը. Հեղ.), ամեն քաղաքական ուժ իրենն է առաջ քաշում: «Ամեն դեպքում, երբ տեսնում ես, որ հիվանդին փրկելու այլ ճանապարհ չկա, պետք է վիրաբուժական լուրջ միջամտություններ կատարվեն, և այդ միջամտությունը կլինի միասնական թեկնածուն», -նկատեց տիկին Թադևոսյանը:
Տիկին Թադևոսյանը միասնական թեկնածուի դերում պատկերացնում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` «բանիմաց է, ծայրահեղ գրագետ, իմաստուն և հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է»:
Իսկ թե ինչու է լռում Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ անդամն այսպես է բացատրում. «Որովհետև դուք լավ գիտեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեզանից ավելի լավ է քաղաքական դաշտը պատկերացնում, և նա շատ լավ գիտի, որ եթե քաղաքական ուժերի համախմբում տեղի չունենա, իրական հաղթանակի հնարավոր չէ հասնել, և նա ձգտում է հասնելու միասնական թեկնածուի իրականություն դառնալուն»:
Թնջուկը, մեր զրուցակցի խոսքով կլուծվի մինչև ամանորյա տոները: «Ուզում եմ, որ նոր տարուն ժողովուրդը ավելի բարձր տրամադրությամբ, ապագայի հանդեպ հավատով կարողանա բաժակ բարձրացնել և խմել իր ժողովրդի լինելիության կենացը: Ես այդպես եմ մտածում, չգիտեմ` լավատես եմ», -ասաց Թադևոսյանը: