Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն արտոնագրերի նոր ընթացակարգ կգործի (Լուսանկարներ)
Դեկտեմբերի 17-ից Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ: Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լին, այն թույլ կտա առավել արագ և հարմարավետ դարձնել Միացյալ Նահանգներ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը: Դիվանագետը շեշտեց, որ այս փոփոխությունները վերաբերվում են ոչ միայն Հայաստանին, այլ ` մյուս երկրներին և կներդրվեն մոտակա 2-3 ամիսների ընթացքում:
Նոր ընթացակարգի շրջանակնոներում արտոնագրի համար դիմում ներկայացնողներին կառաջարկվեն հետևյալ ծառայությունները. դիմումի հետ կապված վճարը հնարավոր կլինի կատարել հեռախոսով, առցանց ` այցելելով www.usvisa-info.com կայքը, կամ անձամբ` «ԱրդՇինԻնվեստԲանկի» մասնաճյուղերից որևէ մեկում:
Հյուպատոսը նշեց, որ մուտքի արտոնագրի համար հարցազրույցի պայմանավորվածություն հնարավոր կլինի անվճար ձեռք բերել կամ հեռախոսով, կամ առցանց` վերոհիշյալ կայքով:
Նրա խոսքով` մնչև այս տարվա դեկտեմբերի 14-ը` վճարումները դեռ կշարունակվեն կատարվել ՀայԷկոնոմԲանկում, սակայն եթե դեկտեմբերի 17-ի դրությամբ հարցազրույցի օր դեռ չի նշանակվել, ապա դիմումատուն կարող է կապնվել ԱՄՆ դեսպանատանը [email protected] հասցեով:
Ջորջ Լին նշեց, որ գումարը վճարելիս` գանձապահին է ներկայացվում դիմումատուի անձնագիրը կամ անձը հաստատող որևէ այլ պաշտոնական փաստաթուղթը, որից հետո գումարը գրանցվում է դիմումատուի անձնագրի համարով: «Նույն կանոնը վերաբերվում է նաև առցանց վճարումների», - հավելեց նա:
Հյուպատոսն ընդգծեց, որ սույն փոփոխությունները չեն անդրադառնա այն դիմումատուների վրա, ում արդեն նշանակել են հարցազրույցի օր: «Նրանք նշանակված օրը կներկայանան դեսպանատուն և դիմումին սահմանված կարգով ընթացք կտրվի», - ասաց նա:
Պատասխանելով Panorama.am-ի լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավոևրված բանկի փոփոխությունը, հյուպատոսը հայտնեց, որ ֆինանսական նման գործարքներն իրականացնում է եվրոպական մի մասնավոր ընկերություն, որի անունը նա չհիշատակեց` տեղեկատվության սահմանափակության պատճառով: «Այդ կազմակերպությունն է,որ ընտրում է բանկը: Մենք դրա հետ որևէ կապ չունենք», - ասաց նա:
Նոր ընթացակարգը տարածվում է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների վրա: Ըստ հյուպատոսի` որպեսզի ՀՀ քաղաքացիների դիմումների ընթացքը չխաթարվի, ԻԻՀ քաղաքացիների դիմումները կուսումնասիրվեն առանձին: «Հայաստանի և Իրանի քաղաքացիների գործերը կլինեն առանձին խմբերում: Բայց ԻԻՀ քաղաքացիների դեպքում կան որոշ սահմանափակումներ, ընթացակարգը դեռ ձևավորման փուլում է», - ասաց նա:
«Որևէ արտոնություն սահմանված չի Հայաստանում գտնվող Սիրիայի քաղաքացիների համար: Նրանց դիմումները կունենան նույն ընթացակարգ, ինչ և մյուսներինը», - հավելեց ԱՄՆ հյուպատոսը:
Լուսանկարները` Լիլիան ԳԱԼՍՏՅԱՆԻ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները