Ըստ ՀԱԿ անդամի` հայ ընտանիքների կենսամակարդակի մասին հոգալը նացիոնալ-սոցիալիզմի դրսևորում է
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածուի մասին, նշել է, որ այն կարող է լինել միմիայն Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի 11 կետերին` նշել է, որ ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է երկու անգամ ավելի լավ ապրի` նացիոնալ սոցիալիստական, շովինիստական հայտարարություն է. «Ինչո՞վ են նրան խանգարում օրինակ մոնղոլները կամ ղրղզները»,-ասել է Գ. Եղիազարյանը:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, որ հասարակությունն արդեն ինչ-որ չափով սովոր է ՀԱԿ անդամների մառազմատիկ հայտարարություններին, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանի սխալ քաղաքականությունը, որի արդյունքում վարկաբեկվեց և վերջնականապես թուլացավ Կոնգրեսը, դեպրեսիվ իրավիճակ է ստեղծել այդ շարժման անդամների շարքերում: «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք աչքի չի ընկել ազգային գաղափարախոսությամբ և հայ ազգի հանդեպ տածած սիրով, ինչի վառ ապացույցն է երկրի տնտեսական ճգնաժամային իրավիճակը, որն առ այսօր ժառանգություն է մնացել տերպետրոսյանական իշխանության տարիներից, ապա կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի գլխավոր նպատակը մոնղոլների և ղրղզների կյանքի պայմանների բարելավումն է»,-հեգնում է թերթը: