Panorama.am-ը Լեհաստանի դեսպանատանը. Հայ-լեհական մշակութային կապերը հարստացրել են լեհական մշակույթը
«Հայկական մշակույթը խորը արմատներ ունի, տարբերվում է մյուսների մշակույթից. հայկական մշակույթի շատ տարրեր եզակի են»,- սա Հայաստանում Լեհաստանի դեսպանության առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկու տպավորություններն են հայկական մշակույթից:
Հայ-լեհական մշակութային կապերի մասին Panorama.am-ը զրուցել է Մաչեյ Ֆալկովսկու հետ:
-Հայ-լեհական մշակութային ու պատմական կապերն ու առնչությունները բավականին խորը արմատներ ունեն: Մշակութային առումով այդ կապերը ի՞նչ են տվել կոնկրետ Լեհաստանին:
-Ես կարծում եմ, որ հայ-լեհական կապերը հարստացրել են լեհական մշակույթը, ավանդույթները: Բացի հայերից, ովքեր Լեհաստանում ապրում էին արդեն 13-րդ դարից, արևելյան շատ այլ ազգեր էլ կային: Բոլորը տվել են մեր մշակույթին մեծ հարստություն: Մենք ավելի շատ կապված ենք արևմտյան մշակույթի հետ, բայց այդ ազգերի հետ կողքի կողքի ապրելը զգացնել է տվել նաև արևելյան մշակույթի ազդեցությունը:
-Լեհաստանում հայկական մշակութային ի՞նչ պահպանված օջախներ, հուշարձաններ կան:
-Այսօրվա Լեհաստանի տարածքում շատ քիչ են հայկական հուշարձանները, քանի որ հայկական հին համայնքը հիմնականում Լվովում էր գործում, որը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Լեհաստանի կազմում էր, և հայկական մշակույթի շատ հին հուշարձաններ մնացել են այնտեղ: Լեհաստանի Զամոշչ քաղաքում այժմ պահպանվել են հայ առևտրականների հին շենքերը, որոնք այսօր ունեն սեփականատերեր, բայց պետության կողմից պահպանվող տարածքներ են: Լեհաստանի տարածքում միայն մեկ հայկական եկեղեցի կա` Գլիվիցե քաղաքում հայ կաթոլիկ եկեղեցի կա, կան նաև խաչքարեր, որոնք վերջին տարիներին են կանգնեցվել:
-Ինչպե՞ս են զարգանում հայ-լեհական մշակութային կապերը:
-Լեհաստանն ու Հայաստանը անկախ պետություններ են, մեր հասարակությունները կարողանում են ազատ համագործակցել: Համագործակցության մի մասը տեղի է ունենում դեսպանատների մակարդակով, իսկ մյուս մասն արդեն ոչ պետական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ու կենտրոնների միջև: Այսինքն` այդ կապերը զարգանում են հիմնականում առանց պետության մասնակցության, ինչը շատ լավ է:
-Աշխատելով ու ապրելով Հայաստանում, ծանոթացել եք հայկական մշակութային արժեքներին: Ինչպիսի՞ տպավորություններով կարող եք կիսվել:
-Երբ գալիս ես Հայաստան, շատերի տպավորությունն է այդպիսին, ականատես ես լինում հին մշակույթի, որի արմատներ շատ խորն են գնում: Մեծ մշակույթ է, եզակի է, քանի որ, օրինակ, ձեր այբուբենի նման այբուբեն չկա: Հարգում ես նման մշակույթը: Իմ տպավորությամբ, հայկական մշակույթը տարբերվում է այլ երկրների մշակույթներից: Օրինակ, լեհերը շատ բարեկամներ ունեն. մեր լեզուն շատ նման է սլավոնական մյուս լեզուներին, մեր բարեկամները այլ կաթոլիկներն են` ֆրանսիացիներ, իսպանացիներ, իտալացիներ: Հայերի դեպքում այս գործոնը չկա, հայերը չունեն բարեկամներ: Դա շատ ուժեղ ազդում է մենթալիտետի վրա:
Հայերը կարծում են, որ իրենք եզակի են, իրենց նման այլ ազգեր չկան, այն, ինչ կա հայկական մշակույթում, եզակի է, այլ մշակույթներում նման օրինակներ չկան: Դա մասամբ այդպես է, օրինակ, ինչպես ասացի, այբուբենը, եկեղեցին, լեզուն: Բայց կան բաներ, որոնք հայերն ասում են, որ միայն իրենցն է, սակայն դա իրականում ազգային միֆ է: Օրինակ, վերցնենք խոհանոցը. հայերն ասում են միայն մենք ունենք որոշ բաներ, բայց այդպես չէ, տարածաշրջանային խոհանոց է, նույն բաները ուտում են ադրբեջանցիները, վրացիները, թուրքերը, այն ազգերը, որոնք ապրում են այս տարածաշրջանում:
Նշենք, որ ներկայումս Լեհաստանում, փորձագետների տարբեր գնահատականներով, բնակվում է 40 - 80 հազար հայ, ընդ որում, միայն 8 հազարն են հին արտագաղթացների ժառանգները:
Նախորդող նորություն` Panorama.am-ը Իրանի դեսպանատանը. Իրանում հայկական հուշարձանները դիտվում են որպես ազգային ժառանգություն