Ա. Մարգարով. Ադրբեջանի գործելակերպը չի նպաստում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը
«Դուբլինյան գագաթաժողովը ևս մեկ անգամ շեշտադրեց բանակցային գործընթացի շարունակության կարևորությունը և այն հանգամանքը, որ խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկա»,- անդրադառնալով Դուբլինում տեղի ունեցած ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 19-րդ նիստում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը` Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Քաղաքագետի դիտարկմամբ, Է. Նալբանդյանը իր ելույթով արձանագրել է այն իրողությունը, որ Հայաստանը էական առաջխաղացում չի տեսնում բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով ոչ միայն ադրբեջանական կողմի հայտնի դիրքորոշումը, այլև այն պրակտիկ քայլերը, որ իրականացնում է Ադրբեջանը վերջին մի քանի ամիսների ընթացքում:
«Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացը խոչընդոտելուն ուղղված քայլերը, որի նպատակն է Հայաստանին հունից հանել և ստեղծել Մինսկի խմբի բանակցային ձևաչափից դուրս գալու համար նպաստավոր պայմաններ, մեր կողմից ստացան համարժեք պատասխան»,- ասաց Ա. Մարգարովը:
«Անգամ Սաֆարովի գործից հետո Հայաստանը արտահայտեց իր կառուցողական և բանական դիրքորոշումը՝ շարունակելու բանակցային գործընթացը: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի ցուցաբերում համագործակցության պատրաստակամություն, այլև դրան զուգահեռ ժխտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առաջադրելով նոր նախապայմաններ»,- ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ նման իրավիճակում դժվար է խաղալ այն կողմի հետ, որը խաղի ընթացքում փորձում է փոխել խաղի կանոնները:
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը՝ քաղաքագետը փաստեց, որ միջնորդների մոտեցումները հիմնականում համահունչ են Հայաստանի մոտեցումներին, քանի որ ինչպես ՀՀ արտգործնախարարը, նրանք ևս կարևորում են նախապես ստանձնած պարտավորությունների կատարումը և քաղաքական կամք դրսևորելու կոչ անում, որի հասցեատերն այս իրավիճակում նախևառաջ Ադրբեջանն է:
«Իրենց տրված մանդատով Մինսկի խմբի համանախագահները փորձում են պահպանել գոյություն ունեցող խաղի կանոնները՝ կոչ անելով ցուցաբերել քաղաքական կամք և մշակել շրջանակային սկզբունքներ, որոնց շուրջ անհրաժեշտ է գալ համաձայնության: Այս առումով չկա խնդրի լուծման այնպիսի բանաձև, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ:
Իսկ այդպիսի ընդունելի բանաձևի բացակայությունը պայմանավորված է ադրբեջանական կողմի գործելակերպով, երբ վերջինս, խախտելով ստանձնած պայմանավորվածությունները, ձգտում է բանակցային ձևաչափի փոփոխությանը, որն էլ կողմերին չի մոտեցնում հակամարտության կարգավորմանը:
Մինչդեռ այդ պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են, մասնավորապես, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված գործնական քայլերի իրականացմանը, կարող են լինել այն մինիմալ քայլերը, որոնք կնպաստեն ոչ միայն բանակցային գործընթացի շարունակությանը, այլև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:
Սակայն ադրբեջանական կողմի և՛ հռետորաբանությունը, և՛ գործնական քայլերը չեն նպաստում ինչպես կողմերի համար ընդունելի շրջանակային սկզբունքների մշակմանը, այնպես էլ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը»,- եզրափակեց Ալեքսանդր Մարգարովը: