Ռ.Հակոբյան. ՀԱԿ-ը ոչինչ չշահեց
«ՀԱԿ-ը ոչինչ չշահեց այս իրավիճակից: Առհասարակ որևէ մեկը չշահեց` ո’չ քաղաքական դաշտը, ո’չ էլ պետությունը. բոլորը տուժեցին դրանից…. Ի վերջո պետք է հասկանալ, որ ընդդիմադիր ցանկացած ուժի կեցվածք, այսպես թե այնպես անդրադառնում է ամբողջ ընդդիմադիր դաշտի վրա և կրկնում եմ` այս դեպքում բոլորը տուժեցին»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին:
Հիշեցնենք, նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու մասին:
Ռ.Հակոբյանն ընդգծեց` հատկապես ընդդիմության մասով քաղաքական դաշտը այս ամենի արդյունքում լղոզվեց և բավականին շատ ժամանակ ընդդիմությունը կորցրեց տրվելով գայթակղությանը: Գալիք նախագահական ընտրություններն էլ, ըստ նրա, ընթանում են կուլիսներում, ստվերային են, ինչը սխալ է, քանի որ քաղաքականությունը ենթադրում է հրապարակայնություն. «Սա մոտավորապես ստվերային տնտեսության պես մի բան է: Թեև առաջադրումներին ընդամենը օրեր են մնացել, բայց դեռ հստակ չէ, թե ովքեր պետք է առաջադրվեն և ոչինչ հստակ չէ»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Ռ.Հակոբյանի կարծիքով, այս ամենը արհեստական զարգացումների դաշտում է կատարվում, սակայն «Ժառանգությունը» երբևէ այդ դաշտում չի գործել:
Նախորդիվ`
Ռուբեն Հակոբյան. ԲՀԿ հայտարարությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերում բան չի փոխվելու