«Գրերի գյուտից մինչև գրատպություն» մրցույթ. Շուրջ 450 դպրոց ներկայացրել է Մաշտոցի կտակը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանն այսօր տեղի է ունեցել հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր, կրթության ոլորտի աշխատակիցներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ազդարարելով հանդիսության սկիզբը` Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը նշել է, որ մրցույթն իրականացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ:
«Տարեսկզբին Վեհափառ տերը ցանկություն էր հայտնել, որպեսզի հոբելյանական տարվա երեք կարևոր իրադարձությունների` հայ գրատպության 500-ամյակի, Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակի և Երևանը` գրքի համաշխարհային մայքաղաքաք հռչակելու առթիվ հանրակրթական ոլորտն ապրի Մաշտոցի և նրա գաղափարները վերարժևորելու խորհրդով: Այս ընթացքում մրցույթին հայտագրված շուրջ 450 դպրոց բեմականացման միջոցով ներկայացրել է Մաշտոցի մեծ կտակը և տարբեր դարաշրջաններում դրա ներշնչման պոռթկումները»,- ասել է նա:
Ներկաներին իր հայրապետական խոսքն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով, մասնավորապես նշել է.
«Մաշտոցի վեհ գործի խորհուրդը եղել է հիմքը հայոց հարատևության մեր դարավոր պատմության հոլովույթներում` արդի ժամանակներում մնալով ոգեշնչող ուժն ու զորությունը ազգային մեր կյանքի, գիտամշակութային մեր ձեռքբերումների: Մեր օրերում առավել քան անհրաժեշտ են գիտելիքներով զինված և հավատքի լույսով օժտված աստվածասեր և հայրենասեր հայորդիք, ովքեր պիտի ճանաչեն և իրենց կյանքով ու գործով արժևորեն հայ ինքնությունը կերտած ազգային մեր արժեքները , լուսավորյալ մտքով պատասխաններ գտնեն ու ճանապարհներ ուղենշեն մեր ազգային կյանքի վերածաղկման և նորոգ առաջընթացի համար: Այս պահին գոհունակություն է Մեզ համար հիշել 10 տարիներ առաջ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի` ազգային դպրոց մուտք գործելու կարևոր իրադարձությունը: Առարկայի շրջանակներում գրեթե ամեն տարի դպրոցներում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ` մեր զավակների կյանքում նորոգելու իրենց հայրերի հավատքի և ազգային-հոգևոր արժեքների զգացումն ու ապրում», - նշել է Վեհափար Տերը` իր գնահատանքի խոսքն ուղղելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և անձամբ նախարար Արմեն Աշոտյանին` տարիներ շարունակ կրթության ոլորտում եկեղեցական բոլոր նախաձեռնություններին աջակցելու համար, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզային իշխանություններին և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակիցներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին խորհրդանշական է համարել մրցույթի անցկացումը, քանի որ այն, ըստ նախարարի, նվիրված է ոչ միայն այս տարվա կարևոր երեք իրադարձություններին, այլև եզրափակում է ողջ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու և նախարարության միջև ծավալված բուռն համագործակցության շղթան:
«Մարդկության պատմության մեջ երեք տեղեկատվական հեղափոխություններ են եղել` գրերի գյուտը, երբ տարբեր ժողովուրդներ հնարավորություն են ստեղծել աստվածային գիտելիքները փոխանցել սերնդեսերունդ, գրատպությունը, երբ հնարավորություն ստեղծվեց գիտելիքը դարձնել զանգվածային և հասանելի բոլորին և ոչ միայն ընտրյալներին և, վերջապես, տեղեկատվական տեխնոլոգիաների վկաներն ենք այսօր, երբ նշված տեխնոլոգիաները նոր փուլ են բացում մարդկային հասարակության համար` գիտելիքի ստեղծման, փոխանցման և այդ գիտելիքի վրա խարսխված արժեքների տարածման գործում: Պատահական չէ, որ մենք` հայերս, երեք տեղում էլ ունենք լուրջ դերակատարություն` Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Հակոբ Մեղապարտ և այսօր տեղեկատվական հաղորդակցության ոլորտում Հայաստանում աշխատող բազմաթիվ գիտնականներ և ճարտարագետներ, ովքեր տեղեկատվության լույսն են սփռում` դարերից եկող մեր խորհուրդների հիման վրա» ,- նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ Հայ եկեղեցին «իր ուրույն, հանգուցային, ճակատագրական դերն է ունեցել և’ գրերի գյուտին, և’ հայատառ գրատպության ստեղծման և տարածման գործում»:
«Մենք պետք է շարունակական դարձնենք իրականացվող միջոցառումները, որոնք թույլ են տալու մեզ` կյանքի կոչել մեր հավատը առ Աստված, հավատը առ հայ ժողովուրդ և կերտել հայ քաղաքացու ժամանակակից կերպար, ով գիտի, թե որտեղից է գալիս, ինչ արժեք է իր մեջ կրում և ժամանակակից լինելով հանդերձ` նաև ավանդական է», - ընդգծել է նախարարը:
Հանդիսության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ են հանձնել մրցույթի հաղթողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա