Գառնիկ Իսագուլյանը պարտվել է գրազն ու Արամ Կարապետյանին հանձնել 1 դոլարը
Մոտ երկու շաբաթ առաջ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում պատահաբար հանդիպել են: Ծավալված քաղաքական զրույցի ընթացքում Իսագուլյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է ՀՀ նախագահի թեկնածու, Կարապետյանը հակառակն է պնդել: Իսագուլյանն առաջարկել է 1 ԱՄՆ դոլար խաղադրույք սահմանել, Կարապետյանը հարց է տվել. «Դուք բացառո՞ւմ եք այլ սցենար: Ես վստահ եմ, որ չի առաջադրվելու»:
Ի վերջո, Կարապետյանը հաղթել է: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է այցելել Գ. Իսագուլյանը և ընդունելով պարտությունը` հանձնել է 1 դոլարը: Թերթի հարցին, թե արդյոք Ծառուկյանը վախեցա՞վ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված կոմպրոմատների փաթեթից, Իսագուլյանը պատասխանել է. «Բացառվում է նման բան, ու այդպիսի արդարացումը տեղին չէ: Ոչ արտաքին ուժերը կապ ունեն, ոչ էլ ներքին որևէ խնդիր կա, առավել ևս Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման ու արյունահեղության մասին ակնարկներն անտեղի են: Պարզապես Ծառուկյանն իր համար որոշում կայացրեց` չխառնվել»: