«Գոմեշի մսի» գործով մեղադրյալը շարունակում է մնալ միայն Օհանջանյանը
Հայաստանի պաշտպանության ուժերի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նույն գործով մեղադրյալը շարունակում է մնալ միայն Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվական ծառայության բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Հարցին, թե այլ անձինք, մասնավորապես նախկին պաշտոնյաներ գործում որպես մեղադրյալներ ներգրավված չե՞ն, Մերի Սարգսյանը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ փաստը հայտնաբերվել էր «Հետք» էլեկտրոնային կայքում տպագրված հոդվածի հետքերով և քրեական գործը հարուցվել էր այս տարվա հունիսին` բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա: Հենց այդ ժամանակ էր, որ աշխատանքից ազատվեց ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Այնուհետև վերջերս աշխատանքից ազատվեց նաև Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը:
Այս քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի սկզբին մեղադրանք էր առաջադրվել Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, որը կալանավորվել էր և այժմ, ինչպես Panorama.am-ին ասաց ԱՆ ՔԿՀ վրաչության լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը, սրտի հետ կապված հիվանդության պատճառով գտնվում է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: «Նա սրտի ստնտավորման պատճառով գտնվում է բժիշկների ամենօրյա հսկողության տակ», -փոխանցեց Ղլեչյանը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց Կապանի մսի կոմբինատն է բանակ մսի մատակարարը: Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:
Նշենք, որ Օհանջանյանը այժմ էլ շարունակում չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: