Գարիկ Քեռյան. Գագիկ Ծառուկյանի որոշումը կհանգեցնի ԲՀԿ-ի վարկանիշի անկման
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու և ԲՀԿ կողմից որևէ այլ թեկնածուի չսատարելու քայլը կհանգեցնի կուսակցության վարկանիշի անկման: Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:
«Նախագահական ընտրությունները, ի տարբերություն խորհրդարանականի, նախագահի թեկնածուների վարկանիշի պայքար է: Այս առումով, բնական է, որ նախագահի հավանական թեկնածուները սկսում են հաշվել ինչ են իրենք ձեռք բերում ընտրությունների, մասնակցության, ինչ` չմասնակցելու դեպքում, և ինչ են կորցնում տարբերակներից յուրաքանչյուրում»,- նշեց Գ. Քեռյանը:
Բանախոսի հավաստմամբ, նման հաշվարկ, հավանաբար արել է նաև Գ. Ծառուկյանը, ինչից հետո և կայացրել է վերոհիշյալ որոշումը, որը բնականաբար, չի կարող բացասական կերպով չազդել իր վականիշի վրա:
«Բավականին մեծ ընտրազանգված այս որոշման հետևանքով մնաց վակուումի մեջ: Այն կուսակցություները, որոնք մինչ այսօր անհույս վիճակում էին, հնարավորություն ստացան իրենց կողմ ուղղել այդ ընտրազանգվածին: Այսօր մենք ՀՀ քաղաքական դաշտում գրեթե չունենք լուրջ գաղափարական քաղաքական կուսակցություններ, որոնք հանրության առջև հանդես են գալիս իրենց քաղաքական կուրսով: Դրա փոխարեն քաղաքական դաշտում առկա են խիստ խարիզմատիկ քաղաքական կուսակցություններ, որոնց ամբոջ վարկանիշն ու գործունեությունը, նույնիսկ տնտեսական ու վարչական ռեսուրսը պայմանավորված է անհատ անձերի քաղաքական գործունեությամբ: ՀՀ-ում հիմնականում առկա են մեկ անձի, նրա խարիզմայի շուրջ ձևավորված կուսակցություններ»,- ասաց Գ. Քեռյանը:
Ինչ վերաբերում է իշխող ՀՀԿ-ին, ապա ըստ բանախոսի, ներկայիս Հանրապետականը ստեղծվել և կայացել է լուսահոգի Վազգեն Սարգսյանի խարիզմայի շուրջ: Բանախոսը նախագահի թեկնածուների` ընտրություններին մասնակցելու որոշումների ձգձգումը համարում է ընտրողների իրավունքների խախտում:
«Զարմանալի է, որ Հայաստանում մինչև վերջին ամիսը սպասում են, թե ով է առաջադրվելու: Արևմուտքում թեկնածուները տարի ու կես աշխատում են հանրության հետ իրենց նպատակին հասնելու համար: Հայաստանում մեր ընտրողների իրավունքները սրանով ոտնահարվում են: Ի՞նչ է նշանակում` մնաց մեկ օր, հինգ օր, շուտով կհայտարարենք, հաջորդ դասին և այլ նմանատիպ հայտարարությունները: Նման պարագայում ես որպես անհատ իմ իրավունքները համարում են ոտնահարված: Մնացել է մեկ ամիս քարոզարշավին, բայց մենք չունենք թեկնածուներ: Հասարակությանը պարզապես չի թողնվում կողմորոշվելու բավական ժամանակ», -նշեց Գարիկ Քեռյանը:
Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ևս հաստատեց այն տեսակետը, որ վերոհիշյալ որոշման հետևանքով ԲՀԿ-ի վարկանիշը կնկնի: Սակայն ըստ, սոցիոլոգի, այս դեպքում վարկանիշի անկումը կլինի շատ ավելի քիչ, քան այն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը մասնակցեր ընտրություններին և պարտություն կրեր:
Ըստ նրա, վարկանիշի անակումը տեղի է ունեցել, նախևառաջ, իշխանության ձգտող գործիչների շրջանակներում:
«ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր հույս ունեին, որ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալուց հետո իրենք պաշտոններ կստանան, սակայն այսօր հիասթափված են: Ընդդիմության շրջանակում ևս կային այնպիսի գործիչներ, որոնք ժամանակին իշխանություն լինելով բիզնես են ունեցել, հետո կորցրել: Այսօր նրանք հույս ունեին դրանք վերականգնել»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը: