Ջենի Ուայթ. Հին ու նոր թուրքերի ընդհանրությունը «մահմեդական ազգայնականությունն» է
Չնայած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոստումներին, քրդերը մեծ գլխացավանք են դառնալու Թուրքիայի համար: Նման եզրահանգման են եկել Արևմուտքում` վերլուծելով ժամանակակից Թուրքիայի անցած ճանապարհն ու ավանդույթները:
The Economist պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարել թուրքական ինքնության խնդրին և մեր օրերում դրա փոխակերպմանը: Պարբերականի անդրադարձի առիթ է դարձել Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Ջենի Ուայթի հրատարակած գիրքը, որտեղ մասնագետը հենվելով թուրքերի միջավայրում գտնվելու փորձի վրա, վերլուծել է նրանց ինքնության որոնումներն ու այսօր ձևավորվող ազգությանը տվել «նոր թուրքեր» անունը: Այնուհետև, ըստ «Էկոնոմիստի», ինքն էլ փորձել է պատասխանել հարցին, թե ովքե՞ր են «նոր թուրքերը»:
«Երբ Քեմալ Աթաթուրքն Օսմանյան կայսրության ավերակների վրա կերտում էր Թուրքական հանրապետությունը, նա միաժամանակ մտածեց նոր ինքնություն` թուրք, ով պիտի մաքրազերծված լիներ արաբական ու բյուզանդական «աղտից»: Թուրքը խոսում էր թուրքերեն, դավանում էր իսլամ և կտրականապես աշխարհիկ էր` թուրքական յուրահատուկ ոճով: Բարեպաշտության ակնհայտ դրսևորումները, ինչպիսիք կանանց ծածկվելն ու տղամարդկանց չալմա կրելն է, արգելվեցին, քանի որ դրանք հակասում էին նոր մտածված թուրքի մոդելի արևմտյան իմիջին: Ամենազոր հայրիշխան-պետությունը` Աթաթուրքի և մի խումբ գեներալների գլխավորությամբ, քաղաքական, կրոնական ու մշակությային կյանքի սահմաններ էր գծում, իսկ նրանք, ովքեր համարձակվում էին հակառակվել, սարսափելի տուժում էին»,- նշում է «Էկոնոմիստը» և փաստում, որ «քեմալիստական այդ զսպաշապիկի մեջ մոտ հարյուր տարի մնալուց հետո դրանից «նոր թուրքերը» դուրս ցատկեցին»:
Այնուհետև պարբերականն անդրադառնում է Ջենի Ուայթի գրքին` հավելելով, որ իրենց ինքնության որոնումներում կռվի բռնված թուրքերի հայացքն ուղղված է նաև արաբ հարևաններին, քանզի հեղափոխության բովում գտնվող այդ ժողովուրդը հակված է Թուրքիան դիտարկել որպես իրացվելի մոդել:
«Չնայած այն հանգամանքին, որ տիկին Ուայթը կապված է այդ երկրի հետ, նրա նկարագրած պատկերը մտահոգիչ է»,- գրում է պարբերականն ու նշում, որ նոր ինքնության սկիզբ դարձավ 1980 թվականի դաժան զինվորական հեղաշրջումը, որի արդյունքում Թուրքիայի տնտեսությունն անկում ապրեց, աճեց իսլամական կուսակցությունների հեղինակությունն ու «անատոլիական բարեպաշտ բուրժուազիայի» ազդեցությունը: Ըստ մասնագետի, վերջիններս միմյանց հետ կապված են համայնքային ու կրոնական ցանցային կապերով:
«Այս համադրումը խարխլեց քեմալիստական էլիտային, ում թրքության տեսլականը հիմնված էր պատվի սրբության, ռասայական մաքրության ու ունիտար պետականության վրա: Նոր թուրքերը, մյուս կողմից, բարեպաշտ են ու պրագմատիկ մահմեդականներ, որոնց համար «բարոյական արժեքները գոյակցում են հարստության հետ»: Թուրքիայի օսմանյան անցյալը, որը ծաղրի էր արժանանում քեմալիստների կողմից, դարձավ «այդ ցանկությունների փորձաքար»: «Արդարություն և զարգացում» չափավոր իսլամական կուսակցությունը, որ իշխանության գլխին է 2002 թվականից, առաջ է քաշել մոդել` «մշակութային թուրքիզմը արյան վրա հիմնված թուրքական էթնիկության փոխարեն»: Այն ազգին դիտարկում է որպես «Օսմանյան կայսրության ավելի ճկուն սահմաններ ունեցող» և հետապնդում է տնտեսական շահեր «չմտահոգվելով իր գործընկերների էթնիկ պատկանելիությամբ կամ հանրապետության պատմության մեջ ունեցած դերով»: Սակայն, ինչպես տիկին Ուայթն է նշում, քեմալիսներն ու նոր թուրքերը մի ընդհանրություն ունեն. խորը արմատավորված ազգայնականությունը: Դա նրանց դարձնում է «մահմեդական ազգայնականներ», մի պիտակ, որով տիկին Ուայթը բնորոշում է թե հներին, թե նորերին: Նրանք երկուսով էլ փառաբանում են «թուրքական իսլամը»` որպես «ավելի լավը», քան իսլամի մյուս ձևերն են, և թունավոր անվստահություն են տածում երկրում ոչ մահմեդական փոքրամասնությունների ու «տեղացի օտարեկրացիների» նկատմամբ: Տիկին Ուայթի գրքում ամենասուր դրվագներից մեկը Իցհակ Ալաթոնի հետ զրույցն է, ով Թուրքիայի առավել հայտնի հրեա ձեռնարկատերն է և հաճախ իսլամական մամուլի հակասեմիտական դրսևորումների թիրախ է դառնում»,- նշում է «Էկոնոմիստը» և մեջբերում հրեա գործարարի դիտարկումը. «Ջեննի, դու կարող ես այս մասին գրել քո գրքում. մարդը ումից այսօր հարցազրույց ես վերցնում, ով բոլորել է իր 82-րդ տարին, այդպես էլ զգացողություն չի ունեցել, որ ինքն այս ազգի մասն է կազմում»:
Հեղինակավոր պարբերականը նշում է, որ «Թուրքիայի դժբախտ քրդերի մեծ մասը կիսում են այս զգացումը», չնայած որ տիկին Ուայթն իր վերլուծության մեջ նրանց արժանի ուշադրություն չի դարձնում: «Թուրքիայի քաղաքականությունը վերջին 60 տարում պայմանավորված է եղել իշխանության համար քաղաքաբնակ աշխարհիկների ու անատոլացի բարեպաշտների միջև պայքարով: Բայց Թուրքիայի ապագան կախված է մահմեդական ազգայնականների և 15 միլիոն քրդերի միջև հակամարտությունից: Չնայած, որ նոր սահմանադրության մեջ ԱԶԿ-ն նրանց հավասար իրավունքներ է խոստացել, նրանք հսկայական խնդիր են դառնալու Թուրքիայի համար»,- եզրափակել է «Էկոնոմիստը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները