Զաքարյան. Երևանում բնակվելու սիրիահայերի ցանկությունն առաջացնում է բարդություններ
Սիրիահայերի հոսքը Հայաստան չի ակտիցավել, չի էլ կարող ակտիվանալ: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը Panorama.am-ին ասաց, որ շաբաթվա մեջ ընդամենը մեկ անգամ է Սիրիայից դեպի Հայաստան չվերթ իրականացվում:
«Հիմնականում գալիս են «Սիրիական ավիաուղիներով», շաբաթական մեկ անգամ մեկ ինքնաթիռ է գալիս, որ ուզեն էլ հոսքը ակտիվանա, կամ պակասի, չի լինի: Այդ մի ինքնաթիռն է գալիս, որպես կանոն այն լեփ-լեցուն է լինում: Շաբաթը մեկ անգամ շուրջ 100 մարդ գալիս է Սիրիայից»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:
Զաքարյանի խոսքով, Հայաստանից Սիրիա գնացողներն էլ քիչ չեն. «Այնպես չի, որ ինքնաթիռը դատարկ է գնում»: Մարդիկ տուն են թողել, բիզնես, սպառել են իրենց հետ բերած ֆինանսական միջոցները, գնում են Սիրիա` տիրություն անելու իրենց բիզնեսին, տուն ու տեղին, ֆինանսական միջոցներ հայթայթելու:
Այս պահին նախարարության հաշվարկներով Հայաստանում ապրում է շուրջ 6 հազար սիրիահայ: Նրանց 80 տոկոսն ապրում է Երևանում: 300 ընտանիք առավել անապահով է. չունի աշխատանք, բերված միջոցները սպառվել են, կարիք ունեն սննդի, հագուստի:
Ամեն օր նախարարության աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակ հրատապ լուծման ենթակա խնդիրներով մտնում է մոտ մեկ տասնյակ սիրիահայ: Հիմնականում դժգոհում են աշխատանքի բացակայությունից, ֆինանսական ծանր կացությունից: Նախարարություն աշխատանքով ապահովելու խնդրանքով դիմել է 500 մարդ, նախարարությանը հաջողվել է աշխատանք գտնել 200 մարդու համար: Այս կիրակի նախատեսվում է հատուկ սիրիահայերի համար աշխատանքային տոնավաճառ կազմակերպել, որին կմասնակցեն մի քանի տասնյակ գործատուներ: Հույս ունեն` արդյունքներ կլինեն:
«Նախարարություն գալիս են հիմանական ֆինանսի հարցով, նյութական օգնության կարիք ունեն` սնունդ, հագուստ, բայց առավել` գումարի, մանավանդ, որ այլևս չեն կարողանում տների վարձերը տալ: Մենք նրանց առաջարկում ենք ապրել մարզերում, առանց որևէ լումայի, կան շատ կամավորներ, մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց հարկի տակ ընդունել սիրիահայերին, մարզերում վճարել նրանց տան վարձերը: Գալիս են Երևանում Սախարովի հրապարակում տուն են վարձում, ասում են, այստեղ ենք ուզում: Չեն ուզում գնալ ծայրամասեր: Երևանում բնակվելու սիրիահայերի ցանկությունն առաջացնում է բարդություններ»,-ներկայացրեց Ֆ. Զաքարյանը:
Նախարարության ներկայացուցիչն ասում է, որ պատրաստ են նույնիսկ մի քանի մարզերում տնից բացի հողեր հատկացնել սիրիահայերին, տներ կան Արարատում, Արագածոտնում, Թալինում և այլուր:
«Հողերը մենք մտադիր ենք տրամադրել Սիրիայի գյուղերում ապրած, հողագործությամբ զբաղված մարդկանց, իսկ հալեպահայերին մենք ասում ենք` ապրեք Եղվարդում, Աշտարակում, Աբովյանում, Էջմիածնում, վարձն այնտեղ ցածր է, հովանավորներ կան, որոնք պատրաստ են նույնիսկ մի քանի ամսվա համար վարձ վճարել»,-նշեց Զաքարյանը:
Նախորդող հրապարակում`
Սիրիահայ մոր մտորումները. Ու՞ր մնացին մեր երազանքները տեսնել մեր երեխաները երաժշտական դպրոցներուն մէջ հմտացած…
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա