Միացյալ Նահանգներում քառօրյա սուգ է հայտարարված Նյութաունի ողբերգության կապակցությամբ (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում քառօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ նախօրեին ամերիկյան Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում գնդակահարված 27 հոգու, այդ թվում մանկապարտեզաին տարիքի 20 երեխաների: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը: Նախագահի հանձնարարականով իջեցվել են պետական դրոշները երկրի բոլոր կառավարական գերատեսչություններից, ռազմաբազաներից և արտերկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններից:
Ողբերգությունը տեղի էր ունեցել Նյու-Յորքից 130 կմ հեռավորության վրա գտնվող Նյութաուն քաղաքի «Սենդի Հուկ» դպրոցում` տեղական ժամանակով առավոտյան 09:40-ին (Երևանի ժամանակով 18:40): Հանցագործության հեղինակ 20-ամյա Ադամ Լանզան 4 զենով զինված ներխուժել է դպրոց ու լսարաններից մեկում գնդակահարել 18 երեխայի, այդ թվում նույն դպրոցում աշխատող սեփական մորը: Այնուհետև միջանցքներում անկանոն կրակ բացելով, սպանել է ևս 5-ին, դպրոցի տնօրենին ու հոգեբանին: Վերջում հանցագործն ինքնասպան է եղել: Ոստիկանությունը տեղում հայտնաբերել է 18 երեխայի դի, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում:
«Ռոյթերս» գործակալությունը նշում է, թե հանցագործի տանը գտել են նրա հոր դին, ում մահվան հանգամանքները դեռևս ճշտվում են: Ոստիկանության տվյալներով, հանցագործը գործել է միայնակ: Գործողութունների դրդապատճառներն անհայտ են: Հետաքննության հետ ակտիվ համագործակցում է նրա եղբայրը:
Միջադեպից հետո Միացյալ Նահանագների նախագահ Բարաք Օբաման արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ Տանը, որտեղ չի կարողացել զսպել արցունքները:
«Այնտեղ զոհվածներից շատերը փոքր երեխաներն էին, հիասքանչ մանուկներ, 5-ից 10 տարեկան», - դողացող ձայնով նշել է նախագահն ու շարունակել. «Մեր սրտերն այսօր կոտրված են...»: