Համագումարի պատվիրակների մեծ մասը եկել է. Այստեղ է նաև Արզաքանցյանը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ անց կմեկնարկի ՀՀԿ 14-րդ համագումարը: Համագումարի պատվիրակների մեծամասնությունն արդեն ժամանել է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համալիր եկավ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանի ուղեկցությամբ:
Այստեղ է նաև ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, ում մասին ասում էին, թե նա նեղսրտած է հարազատ կուսակցությունից:
Panorama.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորն ասաց. «Ինչի՞ պիտի նեղացած լինեմ, մի բան էլ գոհ եմ, բիզնեսով զբաղվելու ժամանակ ունեմ»:
Այս պահին պատվիրակները հրավիրվում են դահլիճ. այստեղ սպասում են ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Համագումարին հրավիրվել են արտասահմանյան մի շարք կուսակցությունների, հայաստանյան կուսակցական համակարգի, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչները: Համագումարում նախատեսված է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
Երեկ ՀՀԿ-ն գործդիրի և խորհդի նիտեր է անցկացրել՝ հաստատելով համագումարի օրակարգը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտարարել է, որ միաձայն որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին: Նրա տեղեկացմամբ` համագումարում նախատեսված է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: ՀՀԿ մամուլի խոսնակը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն իր վերջնական տեսքին կբերվի մեկ ամիս անց` ՀՀԿ տարածքային կառույցներից ներկայացրած առաջարկների հիման վրա: