Սերժ Սարգսյան. Արցախի ճակատագիրը որոշողը միայն ու միայն նրա ժողովուրդն է
«Քննարկման չի ենթարկվում. Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է»,- այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ արցախյան խնդրի խաղաղ կարգավորումն ապահով հայրենիքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով. միևնույն ժամանակ պատրաստ ենք վճռականորեն պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության կամ ոտնձգության, որը կսպառնա մեր անվտանգությանը»,- նշել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, այդ երկրում հետևողականորեն քարոզվող հայատյացությունը, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի ամենօրյա դրսևորումները՝ «բոլոր հնարավոր միջոցներով է՛լ ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության երաշխիքները»:
Նախագահը վստահեցրել է, որ հայկական կողմը շարունակելու է բանակցային գործընթացը. «Երախտագիտություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի համար՝ միաժամանակ մշտապես միջնորդների ու միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրելու խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող վստահության միջոցների ստեղծման և ամրապնդման հարցերին: Ադրբեջանի քաղաքականությունն ընդհանրապես և մասնավորապես դիպուկահարներին հետ քաշելուց հրաժարվելը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործարկումից հրաժարվելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատյացությունը և ռասիզմը խրախուսելը, անհուսալի և երկերեսանի կեցվածքը բանակցություններում որևէ կերպ չեն նպաստում վստահության միջոցների ստեղծմանը և համապատասխան արձագանք չստանալու դեպքում ծայրաստիճան սրում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում»:
Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմը ջանքեր է գործադրելու բանակցային սեղանի շուրջ Արցախի տեղն ապահովելու ուղղությամբ. «Բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի, մեր ջանքերն ուղղելու ենք նշված հարցի շուտափույթ լուծմանը: Արդյունավետ բանակցությունների վարումը կառուցողական մթնոլորտում հնարավոր կլինի միմիայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերն իրապես ցանկանան հասնել խնդրի արդար լուծման՝ հրաժարվելով անհիմն առավելապաշտական նկրտումներից»: