Բնակիչները դեռ հույս ունեն. «Մենք ենք մեր երկրի տերը»
Արամի 72-80, Երկմալյան 1-3 հասցեներում գտնվող նորակառույց շենքերի բնակիչները շարունակում են բարձրաձայնել այն խարդախությունների մասին, որոնց «զոհը» իրենք են դարձել: Բնակիչների ներկայացմամբ, բնակարան են գնել նորակառույցներում, սակայն պարզվել է, որ այդ բնակարաններն արդեն ունեն այլ սեփականատերեր (Արամի 72-80), կամ` շենքը կառուցված է (Երկմալյան 1-3), սակայն բնակարանների սեփականատերերին չեն թողնում մտնել իրենց բնակարաններ, քանի որ «հայտնվել է ոմն Անդրանիկ Խալոյան, ում նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը տարիներ առաջ մի կտոր հող էր նվիրաբերել շենքի տակ, հիմա հիշել է այդ մասին, գալիս ու ոչ մեկին չի թողնում մտնել ներս, մինչևդեռ կառուցապատողը` «Գապբնակշին» ընկերությունը (ղեկավար Գագիկ Պապոյան), ավարտել էր շինարարական աշխատանքները: «Այդ շենքերը կառուցվել են առանց շինթույլտվության: Այս ամենի համար առաջինը պետք է պատասխան տա նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը»,- ասաց բնակիչներից Սոնիկ Մաղաքյանը:
Բնակիչների խոսքով, այս խարդախությունների մեջ իրենց մեղավորությունն ունեն նաև արդարադատության նախարարությունը, դատախազությունը: «Ամեն ինչի թիկունքում կանգնած են պետական պաշտոնյաները: Պապոյանին թող չօգտագործեն, նա մտել է մի խաղի մեջ, որի կանոններին ծանոթ չի եղել: Մեր փողերը հայտնվել են իշխանավորների գրպանում, ոչ թե Պապոյանի»,- զայացած ասաց Ս. Մաղաքյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` խարդախությամբ բազմաթիվ անձանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց` նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:
Բնակիչներից Սուրեն Աբրահամյանը նշեց, որ իրենք խնդրում են ՀՀ նախագահին, կառավարությանը, որ այս շենքերը ճանաչեն պետական գերակա շահ ու հատկացնեն իրենց. «Մնացած աշխատանքները մենք կկատարենք»: «Երկրի նախագահն ասել է, որ փոխվել է մեր երկիրը: Մենք հույս ունենք, որ այդ փոփոխությունը կզգանք նաև հենց մեզ վրա»: «Վստահ ենք, որ դեռ մենք են մեր երկրի տերը»: Մեկը մյուսին շարունակելով ասում էին բնակիչները: «Դիմել եմ նախագահին, ասել է, որ հարցը դրական լուծում կստանա»,- ասաց բնակիչներից Վահան Սարուխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին