Գ.Սահակյան. Էական ոչինչ այդ խոսակցության մեջ չկա
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է, երբ մարդկանց թաքուն հետևում կամ թաքուն նկարում են և շատ բացասական է վերաբերում Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի գաղտնազերծմանը, առավել ևս, որ ՀՀ օրենքները նման բան թույլ չեն տալիս. «Ես դեմ եմ, երբ այդպես փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել: Յուրաքանչյուր անձ իր ներաշխարհն ունի, որի չակերտները բացելով դառնում է կամ ձանձրալի կամ զազրելի իրողություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գ.Սահակյանը:
Իսկ ահա թե ո՞վ է արել այդ ձայնագրությունը ՀՀԿ-ական գործիչը դժվարացավ կոնկրետ անուններ հնչեցնելուց՝ նշելով, որ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանն իրենք պետք է կասկածեն, թե ով է հեղինակը: Ինչ վերաբերում է այն վարկածին, թե ԱԱԾ-ն է հեղինակը , ապա Գ.Սահայանը նշեց, թե չի կարծում, որ դա այդպես է, քանի որ էական ոչինչ չի տեսնում այդ խոսակցության մեջ: Իսկ բացի այդ էլ՝ «ԱԱԾ-ին հետաքրքրում է ազգային անվտանգությունը, իսկ նրանք մեր ազգի համար վտանգավոր չեն»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք համամիտ չէ, որ առանձնազրույցի գաղտնազերծումը առաջին հերթին ձեռնտու է իշխանություններին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Իշխանությանը պետք չէ մեղադրել, բայց իշխանությունն էլ պատասխանատու է նման իրավիճակների համար»: