ԱԱԾ-ն իր դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն է համարում. Դատախազությունն էլ հաղորդում չի ստացել
Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը հերքում է այն պնդումները, թե ԲՀԿ- ական ու ՀԱԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանի ու Լևոն Զուրաբյանի խոսակցության ձայնագրման հետ ծառայությունը որևէ կապ ունի:
«Հերքում եմ: Առանձնազրույցի գաղտնալսման և դրա` համացանցում հայտնվելու հետ ԱԱԾ-ն որևէ առնչություն ունենալ չէր կարող: Բոլոր մեղադրանքները մտացածին են ու անհիմն: Այդքանը»,-ասաց մամուլի խոսնակը:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը խոսակցության ձայնագրումը համարել էր ԱԱԾ ձեռքի գործը` արված «ռեժիմի պատվերով»:
«Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին»,-քիչ առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ Վ. Օսկանյանը:
Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իրավապահ այս մարմինը` ձայնագրողներին ու տարածողներին բացահայտելու համար: Ի պատասխան հարցին, Ա. Բաղրամյանը նշեց, որ Զուրաբյանն առաջարկում է դատախազությանն իր հայտարարությանը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին:
«Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին եւ պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման եւ դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին»,-նշել էր Զուրաբյանը:
Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Լևոն Զուրաբյանից դատախազությունը հաղորդում չի ստացել:
«Ֆիզիկական անձանց հաղորդումներ ներկայացնելու կարգը սահմանված է «Քրեական դատավարության» օրենսգրքի 177-րդ հոդվածում»,-ասաց Ս. Տռուզյանը:
Նշենք, որ օրենսգրքի հիշյալ հոդվածը սահմանում է.
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
1. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:
2. Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի եւ ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը եւ իրազեկության աղբյուրը, ինչպես նաեւ տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին:Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ` նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար:
3. Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:
4. Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:
5. Արձանագրությունն ստորագրում են դիմողը եւ հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
6. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերում շարադրված կանոնները տարածվում են նաեւ դիմողի կատարած հանցանքի մասին հաղորդման վրա` մեղայականով ներկայանալու դեպքում:
7. Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ»:
Նախորդող հրապարակումներ`
Օսկանյանը ևս խոսեց. Անօրինական է
Սկանդալային զրույց. Օսկանյանը լռում է, Զուրաբյանը մեղադրում ԱԱԾ-ին, իսկ Փաշինյանը պահանջում քրգործ հարուցել