Ընտրությունների վերաբերյալ իր որոշումը Կոմկուսը կկայացնի մինչև դեկտեմբերի 30-ը
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին մասնակցության հարցը կքննարկի մինչև դեկտեմբերի 30-ը հրավիրվելիք կուսակցության պլենումում:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ պլենումից հետո կուսակցությունը հստակ որոշում կկայացնի՝ ընտրություններում առաջադրելու է թեկնածու, թե ոչ։
Միևնույն ժամանակ ՀԿԿ ղեկավարը շեշտեց, որ բացառում է դեպքերի այնպիսի զարգացում, որի դեպքում Կոմկուսը կարող է սատարել որևէ այլ թեկնածուի: Բանախոսը նշեց, որ ընտրություների շեմին իշխանությունները ձգտում են մաքրել քաղաքական դաշտը, և վերարտադրվելու գործընթացը դարձնել առավել դյուրին:
«Երկրում ոչինչ չի փոխվելու: Նախագահական ընտրություններն անցնելու են այնպես, ինչպես անցան ազգակցական խորհրդարանական ընտրությունները: Առաջիկայում էլի կլինեն առաջադրումներ, հետագայում կստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որտեղ բախումներն ու կեղծիքներն անխուսափելի կլինեն: Չկա գաղափարախոսություն ու նպատակային ծրագիր: Ստերի տոպրակը նորից կբացվի ու հինգ տարի հետո նորից կգնանք կասենք՝ աշխատատեղեր չկան, ժողովրդի վիճակը վատ է և այլն»,- նշեց Ռուբեն Թովմասյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի` գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշմանը, Ռ. Թովմասյանը նշեց, որ դրա իրական շարժառիթը, ամենայն հավանականությամբ, գիտեն ընդամենը երկու մարդ` Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը` հավելեով որ դրանք երբևէ չեն հրապարակվի:
«Ես չեմ ուզում մտնել այդ կուսակցության ֆունկցիաների մեջ: Սա իրենց ներքին խնդիրներն են, իրենք պետք է պարզեն: Իսկ թե ում պետք է ընտրեն այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը խորհրդարանական ընտրություններին տվեցին ԲՀԿ-ին, պարզ է՝ նրան, ով որ ավելի շատ փող կտա»,- նշեց Ռուբեն Թովմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում