«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ընկերությունը մուտք է գործում հեռահաղորդակցության ծառայությունների հայաստանյան շուկա
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն՝ որպես Ռոստելեկոմ ԲԲԸ դուստր ձեռնարկություն, ՀՀ-ում սկսում է մատուցել հեռահաղորդակցության ծառայություներ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:
Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն սկսում է մատուցել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց համար: Այս մասին տեղեկացնում են ընկերության հանրային կապերի բաժնից:
«Ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել հանդես գալու ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության ապրանքանիշի ներքո և մատուցելու բարձրակարգ ծառայություններ հայաստանյան սպառողներին: Մեր շուկայում մեծ պահանջարկ կա ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ և որակապես նոր մակարդակի ծառայությունները այսուհետ հասանելի կլինեն նաև մեր երկրի սպառողներին,-ասում է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Ռոստելեկոմ ԲԲԸ նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքով, շնորհիվ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունում իրականացված ենթակառուցվածքային ներդրումների և հաշվի առնելով տեղական շուկայում ընկերության փորձն ու գործող ծանրակիշիռ կորպորատիվ հաճախորդների ցանցը՝ Ռոստելեկոմ-ը կայուն հիմք է ստեղծել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի հասանելիության և ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ուր առկա են զարգացման բավական լուրջ նախադրյալներ:
«Հատկանշական է, որ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, ուր Ռոստելեկոմ ընկերությունն սկսեց տրամադրել իր ծառայությունները,- նշել է Ա. Պրվոտորովը:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ են իրականացվել ցանցի զարգացման ուղղությամբ հաջողությամբ գործարկելով «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան 11 քաղաքներում, իսկ դեկտեմբեր ամսից վաճառքներ իրականացվում են արդեն ՀՀ երեք քաղաքներում: Ընկերությունն առաջիկայում պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ 2013-2014թթ. ընթացքում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» դուստր ձեռնարկությունը, այն բանից հետո, երբ 2012թ.-ի փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության 75% - 1 բաժնետոմսերը 22,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: