«Շնորհավոր Ամանոր, մայրեր»... Ազնավուրը Դելոնի լավ ընկերն է, բայց չի ասել, թե Հայաստանում նրան ինչքան են սիրում
«Չէի մտածում, որ Հայաստանում այսքան շատ են ինձ սիրում ու գնահատում: Ես այդ մասին ասեցի նաև ձեր երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Շառլ Ազնավուրը իմ լավ ընկերն է, բայց նա էլ չէր ասել այդ մասին»,-այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր զարմանքն արտահայտեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը: Նա Հայաստան է եկել AP cinema» կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով` ներկա գտնվելու «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին:
«Enjoy movies» և «AP» cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերան կկայան այսօր երեկոյան` «Մոսկվա» կինոթատրոնում:
«Ֆիլմը յուրահատուկ է իր սյուժեով, ինձ դուր եկավ սյուժեն, այդ իսկ պատճառով համաձայնվեցի նկարահանվել: Այսօր իմ մայրը, եթե կենդանի լիներ, կլիներ 101 տարեկան: Ինչին ես հասել եմ կյանքում, նրան եմ պարտական: Եթե ես ունեմ տաղանդ, արտաքին, իմ մորից է: Նա հպարտանում էր ինձանով. ինչ ես արել եմ, արել եմ իմ մոր համար»,-անկեղծացավ դերասանը:
Դելոնը խոստովանեց, որ եթե մայրը կենդանի լիներ, նվեր չէր անելու նրան, ուղղակի կլիներ կողքին ու սեր կնվիրեր: «Չկա մի օր, որ ես նրա մասին չմտածեմ»,- ասաց աշխարհահռչակ դերասանը:
Ֆիլմի դերակատար Իրինա Ռոզանովան խորհուրդ տվեց բոլորին սիրել իրենց մայրերին:
«Մինչդեռ ես նկարահանվում էի Փարիզում, իմ մայրը հիվանդ պառկած էր: Նրա երազանքն է լինել Փարիզում, հանդիպել Ալեն Դելոնի հետ: Ֆիլմում Դելոնի` ինձ նվիրած համբույրը ես նրան եմ նվիրել, ասելով` այդ համբույրը Ալեն Դելոնից քեզ»,- պատմեց դերասանուհին: Ի դեպ, դերասանուհին անկեղծացավ. «Ինձ այժմ ավելի շատ է դուր գալիս Ալեն Դելոնը, քան երիտասարդ տարիքում»:
Ասուլիսին ներկա էին նաև համապրոդյուսեներ Վալերի Սահարյանը և Ղևոնդ Անդրեասյանը, ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, դերասան Կոնստանտին Կրյուկովը, Վալերի Սահարյանն ասաց, որ այս ֆիլմը թող լինի նվեր բոլոր մայրերին, ու նաև իր մորը, ով վերջերս է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության ու այսօր ներկա է գտնվելու ֆիլմի շնորհանդեսին:
Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից` հումորային և հուզական, լիրիկական և կոմիկական, որոնցից յուրաքանչյուրը նկարահանվել են առանձին. ռեժիսորներ` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի: Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկով, Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Վալերի Սահարյան, Վլադիմիր Պոլյակով:
Ռեժիսոր Արտեմ Ակսենենկոյի նկարահանած «Մայրերի պատերազմ» նովելում ներկայացվում է հետևյալ պատմությունը. Լենան և Մաշան լավագույն ընկերուհիներ էին մինչ այն պահը, քանի դեռ նրանցից մեկը չէր հաղթել «Мисс Снежинка» մրցույթում: Անցնում են երկար տարիներ և ահա նախկին ընկերուհիների աղջիկները պետք է մասնակցեն նմանատիպ մրցույթի…
Նովելում նկարահանվել են` Եկատերինա Վիլկովան, Սվետլանա Իվանովան, Մակսիմ Վիտորգանը, Կոնստանտին Կրյուկովը և այլք:
Ռեժիսոր Դմիտրի Գրաչևի նկարահանած «Թավջութակահարը» նովելում ներկայացվում է մի պատմություն, երբ մայրը որոշում է ուրախացնել որդուն` Մոսկվա մեկնելու տոմս է գնում, որպեսզի ներկա գտնվի որդու երկար սպասված համերգին, որտեղ նա կատարելու էր թավջութակի համար գրված ստեղծագործությունը : Մայրը չէր էլ պատկերացնում, թե իրեն ինչ է սպասում…
Նովելում նկարահանվել են` Տատյանա Վասիլևան, Վիկտոր Վասիլևան, Գարիկ Խառլամովը, Ագնիյա Դիտկովսկիտեն և այլք:
Ռեժիսոր Կլիմ Պոպլավսկու նկարահանած «Սողոմոնի որոշում» նովելում Վիկտորիան հաջողակ բիզնես լեդի է, որը ֆիրմայում բարձր պաշտոն է զբաղեցնում: Աշխատանքը և կարիերան խլում են նրա ամբողջ ազատ ժամանակը: Վիկտորիայի 7-ամյա աղջիկը` Սոնյան, հազվադեպ էր տեսնում մորը և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր դայակի` Գալինայի հետ: Ամանորի նախաշեմին Սոնյան նամակ է գրում. «Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որպեսզի դայակ Գալյան դառնա իմ մայրը և մենք միմյանցից երբեք չբաժանվեինք»: Դայակը նամակը հանձնում է Վիկտորիային, որն էլ կարդալով…
Նովելում նկարահանվել են` Եկատերինա Կլիմովան, Օլգա Սուտուլովան, Քսենիա Պոպովիչը, Ալեքսեյ Գրիշինը և այլք:
Ռեժիսոր Անտոն Բոռմատովի նկարահանած «Երջանիկ թվեր» նովելում Քսենիան և Ժենյան սիրող զույգ են: Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսիններ են, սակայն բացարձակ երջանիկ կլինեին, եթե կարողանային նաև երեխա ունենալ: Ամուսնության յոթերորդ տարեդարձի կապակցությամբ Քսենիան ամուսնուն նվիրում է սիմ քարտ` Եվգենիայի սիրած 7 թվերով: Երբ նա քարտը դնում է հեռախոսի մեջ, հնչում է զանգ, որն էլ դառնում է այդ զույգի համար ճակատագրական…
Նովելում նկարահանվել են` Ելիզավետա Բոյարսկայան, Մակսիմ Մատվեևը և այլք:
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նկարահանած «Փարիզ» նովելում Վեռա Եվգենևան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի: Եվգենևայի ամենանվիրական երազանքն էր լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել էր ռոմանտիկա և Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա անակնկալի է գալիս` սառնարանում գտնելով որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Ոգևորված զանգահարում է որդուն և լսում. «Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ»:
Նովելում նկարահանվել են` Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Պավել Վոլյան:
«Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:
Նշենք, որ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա վաղը: Ինչո՞ւ ֆիլմի շնորհանդեսը առաջինը կայացավ Հայաստանում հարցին պատասխանելով ֆիլմի համապրոդյուսեր Ղևոնդ Անդրեսյանն ասաց. «Շատ մեծ է եղել Վալերի Սահարյանի օգնությունը ֆիլմի նկարահանման ժամանակ: Սա մեր շնորհակալությունն է նրան: Բացի այդ, նա շատ է սիրում իր հայրենիքը, ես էլ եմ սիրում...մենք վարակվեցինք նրա սիրով դեպի Հայաստանը»:
Ամանորյա մաղթանքներ…
Ալեն Դելոնը բոլորին մաղթեց երջանկություն, լինել սիրված ու սիրեն: Նա ցանկանում է, որ բոլորը սիրահարվեն:
Իրինա Ռոզանովան էլ դիմեց տղամարդկանց` սիրել կանանց, քանի որ նրանք մայր են, տատիկ են:
Վ. Սահարյանն էլ ցանկանում է, որ գալիք տարին լինի ավելի լավը, քան անցնողը, լինի խաղաղություն, մարդիկ միշտ ժպտան: «Չդադարեք հավատալ ձմեռ պապիկին, քանի որ եթե հավատում եք, կյանքն ավելի հետաքրքիր է»,- խորհուրդ տվեց նա: