«Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում». Գիրքը թարգմանվելու է նաև թուրքերեն
Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա պետական պատվերով հրատարակված Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:
Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Գիրքը նվիրված է Կ.Պոլսի Հայոց պատրիարքության 550-ամյակին: Հրատարակությունն իրականացրել է «ԳԱՍՊՐԻՆՏ» հրատարակչությունը: Գիրքն ունի 715 էջ, 400 լուսանկար (տպաքանակ՝ 500):
«Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքում հեղինակը ներկայացնում է Օսմանյան կայսրության պալատական, դիվանագիտական, վարչական, դատական, զինվորական բնագավառներում, բժշկության, քաղաքաշինության, արհեստների, առևտրի, գիտության, մշակույթի տարբեր ոլորներում, ինչպես նաև սպորտի, հասարակական կազմակերպությունների ոլորտում արևմտահայության ունեցած մեծագույն ներդրումը։
Տպագրական, հրատարակչական ասպարեզը, հայատառ թուրքերեն ինքնուրույն և թարգմանական գրականությունը անմիջական ազդեցություն են ունեցել թուրք նոր գրականության ու լուսավորիչների սերնդի ձևավորման, թուրքերեն գրական լեզվի, թատրոնի, դրամատուրգիայի, լրագրողական ոլորտների ձևավորման ու զարգացման մեջ։
Ուսումնասիրությունն իր ընդգրկման շրջանակով, ծավալով, փաստական, աղբյուրագիտական, լուսանկարչական նյութով բացառիկ ու սպասված հրատարակություն է։ Այն հայերեն լեզվով երկու հրատարակություն է ունեցել։ Սպասվում է գրքի թուրքերեն հրատարակությունը։
Ուսումնասիրությունը կոչված է լրացնելու մեր պատմության բազմաթիվ ճերմակ էջերը, վերարժևորելու և թուրքացման, խեղաթյուրման սպառնալիքից փրկելու մեր մշակույթի մի կարևոր, անքակտելի մասը։ Այն կարող է հիմք ծառայել բազմաթիվ նոր ուսումնասիրությունների համար։ Գիրքն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թ. մրցանակին։
Հասմիկ Ստեփանյանը շուրջ 40 տարի աշխատում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում։ Նրա աշխատությունները գլխավորապես նվիրված են հայատառ թուրքերեն մշակույթին` ձեռագիր և տպագիր գրականությանը, պարբերական մամուլին, նրա երախտավորներին, հայ-թուրք մշակութային հարաբերություններին և երկրի տարբեր ասպարեզներում նրանց համագործակցությանը, վերարժևորմանը։